Բաժիններ՝

Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի Թայվանի հետ. ուժի կիրառումը չենք բացառում. Չինաստանի ՊՆ ղեկավար

Չինաստանի իշխանությունները ձգտում են երկրի մայրցամաքայի հատվածի խաղաղ վերամիավորմանը Թայվանի հետ, սակայն միաժամանակ չեն բացառում անհրաժեշտության դեպքում ուժի կիրառումը։ Այս մասին կիրակի Սինգապուրում անցկացվող Shangri-La Dialogue անվտանգության համաժողովում ասել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը պետք է վերամիավորվի և կվերամիավորվի: Սա համահունչ է ժողովրդի ձգտումներին և մեր ժամանակի միտումներին: Մենք անկեղծորեն ձգտելու ենք խաղաղ վերամիավորման հեռանկարներին և դրա համար գործադրելու ենք ամենամեծ ջանքերը, բայց մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից»,- ասել է Լի Շանֆուն։

Նա ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից, ապա «Չինաստանի զինվորականները ոչ մի վայրկյան չեն վարանի»։

«Մենք չենք վախենա հակառակորդներից և վճռականորեն կպաշտպանենք ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ նրանից, թե ինչ գնով դա արվի», – ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը։

Լի Շանֆուն նշել է, որ Թայվանի նեղուցում լարվածության հիմնական պատճառը Թայբեյի վարչակազմի ջանքերն են՝ անկախության համար օտարերկրյա աջակցություն ստանալու համար:

«Որոշ արտաքին ուժեր փորձում են Թայվանի օգնությամբ զսպել Չինաստանը և միջամտել նրա ներքին գործերին»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս