850 միլիոն դրամ՝ Ոստիկանությանը. ավելի վաղ տրված 2 միլիարդը չի բավարարել
Ներքին գործերի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հերթական անգամ մի քանի հարյուր միլիոն դրամ է փոխանցվել։
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած չզեկուցվող նախագծով՝ նախատեսվում է ստեղծել ճանապարհային ոստիկանության ծառայության համար վարորդական իրավունքների հաշվառման և գրանցման էլեկտրոնային շտեմարան և ձեռք բերել սարքավորումներ, ուստի նախարարությունն առաջարկել է 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ոստիկանությանը հատկացնել 846 միլիոն դրամ և կատարել ներքին հոդվածային վերաբաշխում՝ 339.3 մլն դրամի չափով:
Ի պատասխան Ներքին գործերի նախարարության այս առաջարկի՝ Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ 2023թ. պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի համաձայն՝ ՀՀ ոստիկանության կողմից ծախսվել է հատկացված գումարի 71.5 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերի գծով նախատեսված մոտ 4.1 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 20.6 մլն դրամը։
Երբ Ոստիկանությանը հատկացված միլիարդավոր դրամները չեն ծախսվել, այդ պարագայում Ֆինանսների նախարարության համար անհասկանալի է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությունը, առավել ևս, որ գերատեսչությանն ավելի վաղ հատկացվել էր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ:
Թեև Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է ոստիկանությանը 846 միլիոն դրամ հատկացնելու մասին առաջարկություն, գործադիրն այդուամենայնիվ չզեկուցվող նախագծով հավանություն է տվել ներքին գործերի նախարարության առաջարկությանը։