Հայաստանում չկան անկլավներ. ՀՀ տարածքի փոփոխություն կարող է կատարվել միայն հանրաքվեով. Վարդան Պողոսյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանի համար զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի՝ «կադաստրի թղթերի» մասին հայտնած դիրքորոշումը:

«Ակնհայտ է, որ նրա վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ և դավաճանությամբ. երկուսը միախառնված իրար հետ: Եթե մարդը որևէ բան չի հասկանում միջազգային իրավունքից, չի հասկանում, թե ինչ է անկախ պետությունը, ուրեմն այնքան էլ զարմանալի չէ, որ մարդը նման հայտարարություններ է անում,- «Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ընթացքում պարզաբանեց սահմանադրական իրավունքի մասնագետը և հավելեց,- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ մենք տնվոր ենք, և ցանկացած ժամանակ կարող են այլ պետություններ գալ ու ասել՝ դուք այստեղ տնվոր եք, դուրս եկեք այդ տնից: Սա նշանակում է, որ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է անկախ պետութունը:

Միգուցե իր պատկերացման մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ, անկախ պետություն լինելը նշանակում է, որ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այդ կադաստրում ուղղակիորեն գրված է, որ ՀՀ տարածքը 29.800 քկմ է, Ադրբեջանինը՝ 86.6, և այլն: Չէ՞ որ նման բան չկա, և դա տարրական գիտելիքների բացակայության մասին է վկայում:

Բայց մյուս կողմից ակնհայտ է, չէ՞, որ իր կողքին կան ինչ-որ իրավաբաններ, միգուցե ոչ շատ լավ, բայց տարրական գիտելիքներ ունեցող իրավաբաններ, որ իրեն պետք է բացատրեին՝ երբ դառնում ես ՄԱԿ-ի անդամ և դիվանագիտական հարաբերություններ ես հաստատում բազմաթիվ երկրների հետ, դու ճանաչված ես՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, և անկախ նրանից՝ սահմանագծե՞լ ես, թե՞ ոչ, դու անկախ պետություն ես, դու տերն ես այն սահմանների, որոնք փաստացի գոյություն ունեն, և այդ փաստացի սահմաններն անձեռնմխելի են: Եվ տարածքային ամբողջականության ճանաչումն ընդամենը նշանակում է, որ պետությունը պարտավորվում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառել մեկ այլ հարևան երկրի տարածքների նկատմամբ»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով «անկլավների» մասին Փաշինյանի դիտարկումներին՝ Վարդան Պողոսյանը շեշտեց՝ «անկլավներ» երևույթ գոյություն չունի. դրանք բոլորը ՀՀ ինքնիշխան տարածք են:

«Երբ Փաշինյանն ասում է՝ պետք է վերադառնանք 29.800 քկմ-ի, դա նույնպես որևէ իրավական հիմք չունի, որովհետև ՀՀ-ն այժմ ունի իր տարածքը, իր՝ Վարչատարածքային բաժանման մասին համապատասխան օրենքը, և ՀՀ տարածքում չկան ադրբեջանական ԽՍՀ կոչված անկլավների երևույթը: Եվ եթե Փաշինյանը մտածում է, որ կարող է Տիգրանաշենը կամ Տավուշի մարզում, այսպես կոչված, անկլավները հանգիստ հանձնել Ադրբեջանին, ապա պետք է նկատի ունենա՝ դա այսօրվա ՀՀ տարածքի փոփոխություն է, իսկ ՀՀ տարածքի փոփոխությունը պետք է հաստատվի միայն հանրաքվեով. դա է պահանջում ՀՀ Սահմանադրությունը»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս