Բաժիններ՝

17-ամյա տղային ծեծի ենթարկած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանը գործուն զղջում է. քրեական վարույթ չի հարուցվել

Քիչ առաջ Armlur.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում, ըստ կայքի, Ներքին Գործերի Նախարարության (ՆԳՆ) Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեական ոստիկանության պետ Արսեն Ղայթմազյանը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

ՆԳՆ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, իսկ ՆԳՆ ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում:

Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին, սակայն քաղաքացու հաղորդումը Դատախազությունից ՀՀ քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին, և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։

«2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։ Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով»,- ասաց ՔԿ խոսնակը:

Գոռ Աբրահամյանը նաև նշեց, որ հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք, 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

Տեսանյութեր

Լրահոս