Ինձ հետաքրքիր չէ 86.600 քկմ տարածքը, հետաքրքիր է այնքանով, որքանով դրանից բխում է 29.800 քկմ տարածքը. Ալեն Սիմոնյան

Ես զարմանում եմ, որ դուք նշում եք ոչ թե մեր շահերը ներկայացնող թիվ, այլ նշում եք հակառակ երկրինը։ Ինձ հետաքրքիր չէ այդ 86.600 քկմ տարածքը, ինձ հետաքրքիր է այնքանով, որքանով դրանից բխում է 29.800 քկմ-ը։ Կարծում եմ՝ Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքների և ազատությունների մասով, դրա մասին մենք հաճախ խոսում ենք, դրանք նույնպես մեր համար սկզբունքային են»,- խորհրդարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր Քիշնևում սպասվող Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հանդիպմանը և պատասխանելով հարցին, թե հայկական կողմը սկզբունքային ինչ  հարցերի օրակարգով է գնացել  Քիշնև, որոնք կարող են քննարկվել։ ԱԺ նախագահը շեշտեց նաև երաշխավորներ ունենալու հարցը.

«Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրից հետո մենք նաև ունենանք երաշխավոր, երաշխիքներ ունենանք, որովհետև մենք տեսնում ենք, որ ունենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որի, կարելի է ասել, բոլոր կետերն ինչ-որ չափ առնվազն խախտված են,  և այն պետությունը, որը հանդիսանում է երաշխավոր, ցավոք, ոչ բավարար կերպով է արձագանքում։ Կարծում եմ՝ սրա օրինակները բերելու կարիք չկա»։

Հարցին՝ եթե Ադրբեջանը չգնա Արցախի հետ երկխոսության, և անվտանգության միջազգային մեխանիզմներ չապահովվեն, Հայաստանն Ադրբեջանի հետ կկնքի՞ խաղաղության պայմանագիր, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե շատ են խորանում հնարավոր պայմանագրի մանրամասների մեջ՝ դրանք բանակցությունների հարց են։

«Մենք պետք է հասնենք նրան, որ իրենք նստեն ու խոսեն դրա մասին, հակառակ դեպքում նույն Ադրբեջանին ձեռնտու իրավիճակ չի ստեղծվի՝ կլինի մի մեծ բաց, որը տարիների, գուցե տասնամյակների ընթացքում ինքը չի կարողանալու փակել։ Եթե ինքը չնստի ու չխոսի Արցախում բնակվող հայ բնակչության հետ, ապա այդ վերքը, մեր վերքը, այսպես ասած, մի օր իր պտուղները տալու է»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Ալիևի սպառնալից հայտարարություններին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ Ալիևի այդ հայտարարությունը նախորդել է սպասվող բանակցություններին։

«Մշտապես ինքը հայտնի է նման հայտարարություններով, երբ ինչ-որ բանակցություններ են սպասվում։ Իմ ընկալմամբ, կարելի է  ասել, որ այդպիսի մարտավարություն է՝ ինչ-որ սանդղակ է դնում, որպեսզի այդ տեղից սկսի սակարկել ու խոսել։ Վստահ եմ, որ ներսում ինքը բավականին մեծ խնդիրներ ունի, որովհետև մարդը, որն ընտանյոք հանդերձ զբաղեցնում է ղեկավարի պաշտոն, նա արտաքին թշնամի ստեղծելու կարիք ունի։ Դուք երևի նկատել եք, որ մի պահ սկսեց Իրանի նկատմամբ այդ բառապաշարը։ Կրկնում եմ՝ սա բանակցություններին ընդառաջ արված հայտարարություն է, որին, իհարկե, պետք է լուրջ վերաբերվել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս