«Փաշինյանը տրվել է Ալիևին. նա խայտառակ արեց հայ ազգին». Հենրիխ Դանիելյան
«Երրորդ նախագահն իր ուղերձում հստակ նշում է, որ վճռական ընտրության պահ է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե որ կողմում է գտնվում: ՀՀԿ-ն եղել է, կա և լինելու է քաղաքական խրամատում, որը պահում է հայոց պետականությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ ընդգծելով՝ քանի կա փաշինյանական իշխանությունը, լինելու են նոր զիջումներ, նոր նվաստացուցիչ պայմանագրեր:
«Այսօր կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը չունի խաղաղության օրակարգ, չունի տեսլական, որն Արցախն ու Հայաստանը տանելու է խաղաղության: Նիկոլ Փաշինյանն ունի հանձնվողական, նոր զիջումների գնալու օրակարգ: Եթե մի պետության ղեկավար խոսում է այն մասին, որ անընդհատ զիջելու ենք, մեր հարևան պետությունները, որոնք օկուպացրել են մեր սուվերեն տարածքները, խոսում են նոր ձեռքբերումների մասին, ասում են՝ տվել եք, նորից պետք է տաք: Իրենց հետ խաղաղության օրակարգի մասին չես կարող խոսել»,- շեշտեց նա:
Հենրիխ Դանիելյանի խոսքով՝ մեկ օր ավել իշխանության մնալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է զիջումներ անել թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, թե՛ գերտերություններին:
«Մենք տեսանք Մոսկվայում տիրող խայտառակ իրավիճակը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունն այնպես էր ներկայացնում, որ յուրաքանչյուր հայ ամաչում էր այդ պահին, որ նրա ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է: Նա խայտառակ արեց մեզ բոլորիս, նա խայտառակ արեց հայ ազգին իր խոսույթով: Նրա ֆեյք ինդուստրիան դա ներկայացնում է՝ որպես ճիշտ քաղաքականություն, որ նա հակադարձեց Ալիևին, բայց նա չի հակադարձել Ալիևին, այլ Ալիևի ջրաղացին ջուր է լցրել՝ ասելով, որ ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը՝ ներառյալ: Այդ ժամանակ Ալիևը նրան ասաց, որ՝ տղա ջան, դու ասում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, էլ ի՞նչ իրավունք ունես Արցախի մասին խոսելու: Նիկոլ Փաշինյանն իր վարած զիջողական, պարտվողական քաղաքականությունը շարունակելու է:
Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ Ալեն Սիմոնյանին, որը կիսվել է մի տեսանյութով, որում մի տարեց մարդ խոսում է այն մասին, որ դեռ 1991թ. Արցախը եղել է Ադրբեջանի մաս, մենք ոչ մի բան չենք կարող անել, և ուղղակի իրենց սիրելի խոսույթն օգտագործելով ասեմ՝ գցեցին Նիկոլ Փաշինյանի գրպանը, որ ասեն՝ Նիկոլն է մեղավոր: Մենք չենք կարող ունենալ այդ շրջանակից ինչ-որ ազգային օրակարգ, հայրենասիրական մոտեցումներ, կամ ի օգուտ Հայաստանի և Արցախի քայլեր, դա անհնարին է: Մեզ պետք է միասնական ճակատ ձևավորել, պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր վայրկյանի պայքարի մեջ մտնել, որովհետև, ինչպես նախագահն է նշել՝ պետք է յուրաքանչյուրս հասկանա, թե որ կողմում է գտնվում, բոլոր ազգային ուժերը պետք է համախմբվեն»:
Նա հավելեց. «Նիկոլ Փաշինյանը տրվել է Ալիևին, նա խոսում է ադրբեջանական մոտեցումներով, համաձայնել է Իլհամ Ալիևի օրակարգին: Նիկոլ Փաշինյանը սնուցում է Իլհամ Ալիևի օրակարգը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում