Բաժիններ՝

«Թուրքերը մեզանից հողերն են խլում, Փաշինյանն էլ ուզում է կովերին խլի». Հրաչ Բերբերյան

Մայիսի 24-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ պատգամավորներից մեկը կովերի մասին հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարարին, Փաշինյանն ինքը որոշեց պատասխանել, նախ  պարզաբանեց, թե կովերին ինչ պայմաններում պետք է պահել ձմռանը, ապա հայտարարեց՝ եթե կովը ցրտին չի դիմանում, ուրեմն՝ կով չէ։

«Եթե կովը ցրտադիմացկուն չի, ուրեմն ինքը կով չի։ Ավելին ասեմ՝ էն կովը, որը օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չի։ Օրը 10 լիտր կաթ տվող կովն ինքը տնտեսապես վնասաբեր է։ Ասեք բոլորին անջատեն էդ գոմերի ջեռուցումները, հարգելիներս, ավելորդ հոսանքի փող են տալիս, դրա համար կաթի ինքնարժեքը բարձրանում է։ Գոմը չեն տաքացնում, որովհետև խոշոր եղջերավորների ջերմությունը բավարար է, որպեսզի իրենք իրենց տաքացնեն»,- ասաց նա՝ անդրադառնալով իշխանական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի բարձրացրած այն հարցերին, թե Գեղարքունիքի մարզում «խելացի անասնագոմերն այդքան էլ արդյունավետ չեն, քանի որ տարվա մեծ մասը ցուրտ է»։

168.am հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ  Նիկոլ Փաշինյանը կովերի հարցով մասնագետ չէ, որ ԱԺ ամբիոնից անդրադառնա այդ թեմային։

«Ես ի՞նչ ասեմ նրա ասածների վերաբերյալ, առհասարակ թող ամեն մարդ իր չեղած գիտելիքներն իրեն պահի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը քանդելու նախարարն է, ամեն ինչ սկսեց գյուղնախարարությունը փակելուց, ուստի անիմաստ է նրան այդ ոլորտի վերաբերյալ որևէ գիտելիք սովորեցնել։ Սա առնվազն, ինչ ասեմ՝ միամտություն ասեմ, անտեղյակություն ասեմ կամ մտածված քայլ, որ մարդկանց ապատեղեկատվություն տալու համար է՝ չգիտեմ։

Կարդացեք նաև

Չեմ կարող բացատրել, թե ինչու է  Նիկոլ Փաշինյանն առաջինը այդ հարցերով զբաղվում, երևի փոքր ժամանակ իրեն ստիպել են, որ կով-մով պահի՝ չի պահել, դրա համար հիմա այդպես է իրեն դրսևորում։

Շատ լավ գիտեմ, իրեն ով է այդպիսի ապատեղեկատվություն տալիս, այդ «խելացի գոմերից» են ասում, որը ամեն կառավարության գալուց հետո, փորձում է  դառնալ նրա կցորդը՝ փորձելով հիմար ծրագրեր անցկացնել»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Ըստ Հրաչ Բերբերյանի, այժմ իր կազմակերպություններում ունի 10 հազար գլուխ խոշոր  եղջերավոր կենդանի, դրանցից որևէ մեկին 25 աստիճան ցրտի պայմաններում չեն պահել, քանի որ հաջորդ օրը կունենային գլխաքանակի խիստ անկում։ Հետևաբար՝ այս առումով Նիկոլ Փաշինյանին խաբել են։

«Կարծում եմ՝ Հայաստանի պայմաններում արոտային պայմաններով կովերը լավ ցուցանիշով կաթ են տալիս։ Ինչ վերաբերում է այն բարձր կաթնատու կովերին, որոնք ներկրվում են Եվրոպայից, դրանք մեր Հայաստանի արոտներում գործ չունեն՝ հիվանդանում, կռնակները կոտրում ու սատկում են»,- շեշտեց  մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ 20 աստիճան ցրտին չդիմացող կովերին Կառավարության ղեկավարի որոշմամբ սպանդի ենթարկեն, Հրաչ Բերբերյանը պատասխանեց՝ կգա ժամանակ, որ գյուղացին եղանը ձեռքը կվերցնի, իր կովին կմորթի, բայց Նիկոլ Փաշինյանին չի տա, եթե հանկարծ վերջինը որոշի գնալ կոլեկտիվացման։

«Դե չգիտեմ, կարող է վերցնի տանի իր գյուղ, իր գյուղում կովերը պակասել են։ Թուրքերը մեզանից հողերն են խլում, ինքն էլ ուզում է կովերին խլի։

Կրկնում եմ՝ օրական 10 լիտր կաթը շատ լավ ցուցանիշ է կովկասյան գորշի համար, որը մեր տարածաշրջանում լավ հարմարվում է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս