Լույս է տեսել «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում եւ հրատարակում» ծրագրի շրջանակներում «Արմավ» հրատարակչությունը լույս է ընծայել անվանի արվեստաբան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը:
«Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագիրքը բաղկացած է երեք հատորից, հայերեն լեզվով շարադրված ոչ թարգմանական առաջին դասագիրքն է։ Այն ընդգրկում է եվրոպական Վերածննդի դարաշրջանից մինչև XIX դարն ավարտող համաշխարհային (այդ թվում՝ հայկական) կերպարվեստի համառոտ պատմությունը։ Դասագրքի 2-րդ հատորը լույս է տեսել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսքում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ գիրքն իր տեսակի մեջ աննախադեպ է, որն անհրաժեշտ է ոչ միայն արվեստի բուհերի դասախոսներին և ուսանողներին, այլև դառնալու է ցանկացած կրթված հայ մարդու սեղանի գիրքը։ Այն, ըստ Ա. Ասատրյանի՝ ՀՀ ԿԳՄՍՆ եւ ՀՀ ԳԱԱ համագործակցության լավագույն նվաճումներից է:
«Դասագրքի գաղափարի ու նախաձեռնության հեղինակն է ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը, որը ծանոթ է Արվեստի ինստիտուտին ոչ միայն դրսից, այլեւ՝ ներսից: Եվ ես լիահույս եմ, որ ՀՀ ԿԳՄՍՆ եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի միջեւ բեղմնավոր համագործակցությունը լինելու է շարունակական՝ արգասավորվելով արվեստագիտական նորանոր մնայուն ձեռքբերումներով»,- ասաց նա: