Նիկոլը Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքական շրջանակների համար «useful idiot» է՝ «օգտակար իդոիտ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի վերաբերյալ ռուսական քաղաքականության գնահատականը տալիս՝ հաճախ ասում եմ, որ Նիկոլը Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքական շրջանակների համար «useful idiot» է՝ «օգտակար իդոիտ»:

Ոմանք դա չեն հասկացել մինչ այսօր:

Փորձեմ բացատրել թարմ օրինակով:

Օրերս ռուս քաղաքագետներից մեկը հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանը ճիշտ է վարվում՝ հրաժարվելով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջ մղելուց և դա բացառապես ԼՂ ժողովրդի խնդիրն է:

Հիմնավորելու համար իր այս տեսակետը, որն ամբողջությամբ, կրկնում եմ, ամբողջությամբ համահունչ է Նիկոլ Փաշինյանի դավաճանական քաղաքականությանը, նա հիշատակում է Աբխազիայի, Հարավային Օսիայի և Կոսովոյի օրինակները:

Հասկանանք որտե՞ղ է Նիկոլ Փաշինյանն օգտակար Ռուսաստանի համար և որտեղ՝ իդիոտ.

1. Ռուս քաղաքագետի կողմից բերված հիմնավորումները բացարձակ չեն դիմանում որևէ քննադատության և՛ միջազգային իրավունքի, և՛ «հողի վրա ստեղծված» ռեալ պոլիտիկի տեսակետից:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտով և ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Ակնհայտ է, որ միջազգային շրջանակներում այն առաջ մղելու համար (որևէ տարածքի բնակչության տեսակետից) հարկ է, որ միջազգայնորեն ճանաչված որևէ պետություն այդ հարցը հետևողականորեն բարձրացնի միջազգային ատյաններում, լինի այդ հարցի «միջազգային օպերատորը»։

Այնինչ, Հայաստանի Հանրապետությունը, հատկապես 2020-ի նոյեմբերից հետո այս խնդրով չի զբաղվում:

2. Եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրույթն «ավելորդ» էր Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների խոսույթում եւ գործունեության մեջ, ապա ինչպե՞ս է քաղաքագետին ներկայացնող երկրի բարձրաստիճան և բարձրագույն ղեկավարությունը 16 տարի շարունակ՝ Մադրիդյան սկզբունքներից սկսած, առաջ մղել Արցախյան հիմնախնդրի կարգավորման 3 սկզբունքները, այդ թվում ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցում էին ՀՀ իշխանությունները:

3. Ինչպե՞ս են այդ ձևակերպումները տեղ գտել կոնֆլիկտի հանգուցալուծման հիմնարար սկզբունքների և տարրերի մեջ 5 անգամ՝ ներկայացվելով ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների շուրթերով (2009-2013 թթ):

4. Ինչպե՞ս է տվյալ քաղաքագետին ներկայացնող երկրի անգամ ներքին իրավական փաստաթղթերում, այն է ՝ Արտաքին քաղաքականության դոկտրինում, մինչեւ վերջերս Արցախի հակամարտության կարգավորման սկզբունքների թվարկումը, այդ թվում ՝ ինքնորոշման իրավունքի, ներառվել ՌԴ արտաքին քաղաքականության պարտադիր իրավական ուժ ունեցող ռազմավարական փաստաթղթում:

5. Եթե Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակները, ըստ քաղաքագետի, ճիշտ էին, ապա ինչու՞ էր միջազգային փաստաթղթերում այդ խնդիրների կարգավորման հիմքում դրված բացառապես Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ոչ երբեք ՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Կրկնում եմ ՝ միջազգային որևէ փաստաթղթում տվյալ կոնֆլիկտների կարգավորման հիմքում ինքնորոշման իրավունք դրված չէր, թեպետ ըստ բանախոսի, այդ չճանաչված պետությունների իշխանություններն առաջ են մղել այդ հարցը:

6. Ավելի խորանանք վերոնշյալ երկու կոնֆլիկտների մեջ՝ ո՞վ է միջազգային հարթությունից խնդրի կարգավորման բանակցություններ տարել այդ երկրների ընտրված, բայց չճանաչված ղեկավարությունների հետ, բացի Ռուսաստանի Դաշնությունից:

7. ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականին՝ բացառապես օգոստոսյան պատերազմի արդյունքում և որևէ այլ, լուրջ միջազգային դերակատար այս սուբյեկտների պետականությունը չի ճանաչում:

8. Ինչ վերաբերում է Կոսովոյին:

Կոսովոյի օրինակով նույնպես ակնհայտ է քաղաքագետի կողմից Նիկոլին «օգտագործելու» փորձը, որովհետև Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ամրագրումը տեղի է ունեցել 2 փուլով՝

ա) ռազմաքաղաքական փուլով՝ Հարավսլավիայի դեմ մղած պատերազմով,

բ) 2008 թվականի միջազգային դատարանի որոշումից հետո որպես «անջատում հանուն փրկության» բանաձևի կիրառում և ոչ թե որպես ինքնորոշման իրավունքի գերակայություն:

Չմոռանանք նաև՝ Կոսովոն այդպես էլ չի ճանաչվել անգամ ԵՄ անդամ 5 պետությունների կողմից, ՄԱԿ-ի և Եվրոպայի անդամ չէ և չնայած ԱՄՆ-ի ու Արևմուտքի հսկայական ճնշումներին ՝ սերբական իշխանությունները չեն գնում Կոսովոյի, գրեթե ավարտված ճանաչման լեգիտիմացման ճանապարհով:

Այս ամենն ի մի բերելով կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչով են Նիկոլ Փաշինյանի դավաճանական մոտեցումները ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում օգտագործվում և շահարկվում որոշ, այդ թվում ՝ ռուսական շրջանակների կողմից, ի հակադրություն նախկին իշխանությունների:

Եվ, եթե անգամ, Հայաստանը տեսականորեն և պրակտիկ կերպով այսօր հրաժարվում է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա ի՞նչ իրավունքով է սահմանափակում Արցախի ժողովրդի բանակցային բովանդակությունն Ադրբեջանի հետ, այսպես կոչված, երկխոսության մեջ:

Ո՞վ է իրավունք տվել սահմանափակել այդ օրակարգն «իրավունքներով և անվտանգությամբ»:

Կրկնեմ, որ Հելսինկյան եզրափակիչ ակտով մարդու իրավունքները և ազատությունները մի սկզբունք են, մի «գլուխ», իսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը բոլորովին այլ բան է, թեպետ նորից հնչում է իրավունք բառը:

Փայփայել Նիկոլի այսօրվա տխմարությունները՝ նշանակում է 2 բան.

1. Փորձել նրան «հուշտ» չանել և չմղել Արևմուտքի գիրկը:

2. Փորձել փաստարկներից զրկել գործող ընդդիմությանը:

Հ. Գ. Եթե ռուս քաղաքագետն իրավացի լիներ, ապա իր երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը, իր երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչո՞ւ էին մինչ Պրահա Արցախի խնդրի կարգավորման մասին խոսում այլ բովանդակությամբ, իսկ Պրահայից հետո Արցախից հրաժարվելու ողջ պատասխանատվությունը բառացիորեն, իրավացիորեն և բարձրաձայն մեղսագրում Նիկոլ Փաշինյանին»:

Տեսանյութեր

Լրահոս