
ԱՄՆ-ն խստորեն դատապարտել է ՌԴ-ի միջուկային զենքի տեղափոխումը Բելառուս

ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Մինսկի և Մոսկվայի միջև ռուսական մարտավարական միջուկային զենքի` Բելառուս տեղափոխելու շուրջ պայմանավորվածությունը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Սա անպատասխանատու գործելակերպի հերթական օրինակն է, որը մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինա նրա լայնամասշտաբ ներխուժման պահից ի վեր», – ասել է դիվանագետը:
Նա նախազգուշացրել է, որ հակամարտությունում քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի կիրառումը «լուրջ հետևանքներ» կունենա։
Միևնույն ժամանակ Վաշինգտոնը դեռևս հիմքեր չի տեսնում սեփական միջուկային ուժերի պատրաստականությունը վերանայելու համար և որևէ նշան չի նկատել, թե Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է միջուկային զենք կիրառել։
«Մենք պատճառ չենք տեսնում մեր ռազմավարական միջուկային ներուժը վերափոխելու համար», – ընդգծել է Միլլերը:
Այս հայտարարությունից ժամեր առաջ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում հայտարարել էր, որ ռուսական մարտավարական միջուկային զենքն սկսել է տեղափոխվել երկիր։
«Հարկավոր էր տարածքներ պատրաստել պահելու համար և այլն: Մենք արել ենք այդ ամենը: Ուստի սկսվել է միջուկային զինամթերքի տեղափոխումը: Արդեն սկսվել է», – հայտարարել էր նա։