Մեծ Բրիտանիայում ուկրաինացի 20 օդաչուներ կսկսեն վերապատրաստվել F-16- երի վրա
Մեծ Բրիտանիայում մոտ 20 ուկրաինացի զինծառայողներ կսկսեն չորրորդ սերնդի F-16 կործանիչների վրա վերապատրաստման առաջին փուլը։ Այդ մասին հայտնել է Foreign Policy հանդեսը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրի։
«Դրանք կլինեն ուկրաինացի օդաչուների բազային ցամաքային վարժանքներ, որոնցից հետո նրանք պատրաստ կլինեն F-16 կործանիչների (կամ այլ ռազմական ինքնաթիռների) վարման ավելի մասնագիտացված ուսուցման», – ասել է աղբյուրը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս մեծապես փոխել է իր դիրքորոշումը՝ կապված F-16-երի հետ: Նախ, նա հայտարարել է, որ կողմ է, որ ուկրաինացի օդաչուները վերապատրաստվեն չորրորդ սերնդի F-16 կործանիչների վրա: Եվ երկրորդ, այժմ ԱՄՆ-ն նաև դեմ չէ, որ երրորդ երկրներն ամերիկյան F-16-եր մատակարարեն Կիևին:
Բայդենի վարչակազմն առայժմ չի հայտարարել, թե որտեղ տեղի կունենա ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերն օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպայում նրա գործընկերները քննարկում են վերապատրաստման ժամկետները և վայրերը, ինչպես նաև այն, թե ո՛ր երկիրն է անցկացնելու վերապատրաստումը:
Foreign Policy-ն նշում է, որ Նիդերլանդների պաշտպանության նախարարը մայիսի 24-ին նամակ է ուղարկել խորհրդարան՝ հայտնելով, որ գերատեսչությունը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը: Նորվեգիան ևս չորեքշաբթի հայտարարել է, որ պատրաստ է միանալ այդ գործընթացին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջիկա ամիսներին համախոհների հետ կքննարկի, թե ո՛ր պետություններն են F-16 ինքնաթիռներ փոխանցելու Կիևին: