
Երբ թագավորը մեղկ է…

«Որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն` ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն»: Մատթ. 24.5:
Երբ մեկի լապտերի մեջ ձեթ չկա և գիտակցության մեջ՝ իմաստություն, մտքի և ճանապարհի խավարում խարխափելը կործանարար է բոլոր նրանց համար, ովքեր նրանով են առաջնորդվում: Նմանների համար սրբություններ չկան, ոչ վերին՝ Աստվածային, և ոչ էլ աշխարհիկ, որ հայրենիք ենք կոչում:
Ամեն վատի, օտարամուտի, սրբապղծության, այլասերման և օրինազանցության հետ հաշտվելով՝ հաշտվում ենք կորուստների հետ:
Ամեն մի հերթական ազգային արժեքի, եզերքի, սրբավայրի, հարազատի հոգևոր ու ֆիզիկական կորստի հետ հաշտվելով՝ հաշտվում ենք ինքնակործանման հետ:
Այդ երևույթը մեկ բնորոշում ունի՝ ուրացում: Ուրացում՝ Աստծուց, հայրենիքից ինքնությունից ՝ խավարամտության ու ցոփությունների մոլորումների մեջ:
Նման մոլորությունների դասերը շատ են համաշխարհային պատմության մեջ՝ բոլոր անհետացած ազգերի և ժողովուրդների կյանքում:
Ետին թվով միայն արձանագրվում է՝ թագավորը մեղկ էր:
Իսկ թե ինչ է նշանակում ՄԵՂԿ, կա բոլոր բացատրական բառարաններում, անգամ՝ անհետացած ժողովուրդների…
Գուգարաց թեմի առաջնորդ
Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան