Պերուի խորհրդարանում քվեարկել են Մեքսիկայի նախագահին պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին
Պերուի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 22-ին քվեարկել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին՝ երկրի իշխանությունների վերաբերյալ նրա քննադատական հայտարարությունների պատճառով։ Այս մասին գրված է Պերուի խորհրդարանի Twitter-յան էջում:
«Տասնմեկ «կողմ» ձայնով Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել այն բանաձևին, որը դատապարտում է Մեքսիկայի նախագահ Անդրես Լոպես Օբրադորի դիտողությունները և նրան հայտարարում պերսոնա նոն գրատա», – գրված է հաղորդագրությունում։
Ըստ ТАСС գործակալության՝ այժմ նախաձեռնությունը պետք է քննարկվի Կոնգրեսի լիագումար նիստում։
Այս տարվա փետրվարին Պերուի խորհրդարանն արդեն պերսոնա նոն գրատա է հայտարարել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին։
Ավելի վաղ Լոպես Օբրադորը Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին անվանել էր ուզուրպատոր և հերթական անգամ հայտարարել, որ Մեխիկոն Լիմային չի փոխանցի Խաղաղօվկիանոսյան դաշինքի նախագահությունը։ Մեքսիկայի ղեկավարի խոսքով՝ Բոլուարտեն իշխանության է հասել ապօրինի ճանապարհով, քանի որ պետության նախկին ղեկավար Պեդրո Կաստիլիոն հեռացվել է անարդարացիորեն։
Անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին Կաստիլիոն հայտարարեց Կոնգրեսն արձակելու և պարետային ժամ սահմանելու մասին։ Նա ուղերձով հանդես եկավ խորհրդարանի նիստից առաջ, որտեղ քննարկվում էր կոռուպցիայի մեղադրանքներով իրեն իմփիչմենթի ենթարկելու հարցը: Պատգամավորները չչեղարկեցին քվեարկությունը և հավանություն տվեցին նախագահին իր լիազորություններից զրկելուն. զինված ուժերն ու ոստիկանությունն իրենց աջակցությունը հայտնեցին Կոնգրեսին։ Կաստիլիոն ձերբակալվեց խռովության կազմակերպման մեղադրանքով: