«Ունենք 5-6 ամիս ժամանակ՝ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար». Իշխան Սաղաթելյան
«Այն, ինչ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, առնվազն մեզ համար անակնկալ չէր։ Եթե հիշում եք, վերջին երեք տարիներին, նախորդ տարի հենց այս օրերին այս վտանգները, որի մասին երեկ բացահայտ ասեց, խոսել ենք դրա մասին։ Ըստ էության վերջին օրերին նաև Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհային քարտեզն ու ժամանակացույցը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա կանխատեսմամբ՝ մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան ինչ-որ եռակողմ նոր հայտարարությամբ, որից հետո այդ ամենը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի պայմանագրի նոր սկբունքների շուրջ։ Հոկտեմբերին նախատեսված հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև՝ վավերացնել։
«Ըստ էության, հայ ժողովուրդը, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, մտահոգ քաղաքացիներն ունեն ընդամենը 5-6 ամիս ժամանակ երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Հարցին՝ իսկ ընդդիմությունն ի՞նչ է պատրաստվում անել, քանի որ հայտարարություններով ոչինչ չի փոխվում, Իշխան Սաղաթալյանը հակադարձեց, թե ո՞վ է ասել, որ հայտարարություններով են ուզում իրավիճակը փոխել։
«Մենք այն քաղաքական ուժն ենք, որը հայտարարություններից բացի, վերջին երեք տարիների ընթացքում շատ կոնկրետ քայլեր ու գործողություններ է արել։ Հիմա ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ այս իրավիճակի հետ մենք չենք համակերպվելու, պայքարելու ենք։ Եվ այն բոլոր խոսակցությունները, թե ընդդիմությունը հեռացել է իր օրակարգից, պայքարը դադարել է, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպես չի լինելու։ Անցած տարի այս օրերին այն, ինչ արել ենք, դա կանխել է, հետաձգել է գործընթացը։ Հիմա մեր խնդիրն է՝ նոր թափով ու նոր ուժով Հայաստանում, Արցախում, սփյուռքում ձևավորել համաժողովրդական դիմադրություն։ Մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին, պատրաստել լայն համաժողովրդական անհնազանդության և կանխել այս իրավիճակը:
Եվս մեկ անգամ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը, մանդատը՝ հանձնելու Արցախը և Հայաստանը։ Խոսքը միայն Արցախի մասին չէ, այն, ինչի մասին ինքը խոսում է, դրանից հետո Հայաստանի պետականության գոյությունը լրջորեն դրվելու է հարցականի տակ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում