Բաժիններ՝

ԱՀԿ-ի ղեկավարը հայտարարել է, որ պահպանվում է կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամի առաջացման վտանգը

Կորոնավիրուսի SARS-CoV-2 նոր շտամի առաջացման սպառնալիքը, որը կհանգեցնի COVID-19-ից հիվանդացության և մահացության կտրուկ աճի, պահպանվում է։

Այդ մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում Առողջապահության 76-րդ համաշխարհային ասամբլեայում։ Նա հիշեցրել է, որ համաշխարհային առողջապահության բնագավառում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրության ռեժիմն ավարտվելու մասին հայտարարվել է մայիսի 5-ին։

«COVID-19-ի ավարտը` որպես առողջապահության բնագավառի գլոբալ արտակարգ դրություն, չի նշանակում գլոբալ սպառնալիքի դադարում, որը COVID-19-ը ներկայացնում է առողջապահության համար», – հայտարարել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ պահպանվում է կորոնավիրուսի ևս մեկ տարբերակի առաջացման սպառնալիքը, որը կարող է առաջացնել հիվանդացության և մահացության նոր բռնկում: Ինչպես ընդգծել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը, պահպանվում է նաև «նոր ախտածնի առաջացման սպառնալիքն՝ է՛լ ավելի մեծ մահաբեր ներուժով»։

Նա երկրներին կոչ է արել ակտիվացնել նախապատրաստումն առողջապահության բնագավառում նոր արտակարգ դրություններին՝ ընդգծելով, որ նոր համավարակ սկսվելու դեպքում անհրաժեշտ է «պատրաստ լինել հակազդելու վճռականորեն, հավաքականորեն և արդարացի հիմունքներով»։ Առողջապահության 76-րդ համաշխարհային ասամբլեան կտևի մինչև մայիսի 30-ը: Ասամբլեային մասնակցող պատվիրակությունները կքննարկեն աշխարհում առողջության պահպանման հրատապ հարցերը, ներառյալ՝ նախապատրաստումը նոր համավարակներին, կընդունեն 2024-2025 թվականների ծրագիրը և բյուջեն։

ԱՀԿ-ի ամենամյա գլխավոր համաժողովին հրավիրված են այդ կազմակերպության անդամ 194 պետությունների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս