Իշխանափոխություն հնարավոր է. մի քանի տասնյակ մարդու էֆեկտը
Հայաստանի ներկայիս իրավիճակից փրկության հնարավոր ելքերը շատերի համար երևակվում են բարդ գործընթացների, խրթին քաղաքական կոմբինացիաների և գրեթե անիրատեսականությանը ձգտող սցենարների տեսքով։
Հաշվի առնելով քաղաքական դաշտի ամլությունը, հանրության գոնե մի մասի լեթարգիական անտարբերությունը և բազմաթիվ այլ իրողություններ, ներկայիս ճգնաժամի հաղթահարումն իսկապես չափազանց բարդ է, և նշված բոլոր մոտեցումներն էլ այս կամ այն չափով ճշմարիտ են։
Բայց իրավիճակն այլ պրիզմայով դիտարկելիս կարելի է պարզորոշ տեսնել, որ լայն իմաստով խնդրի լուծումը հանգում է ընդամենը մի քանի տասնյակ մարդու համապատասխան ու համարժեք վարքագծին, որը, սակայն, այդպես էլ չի դրսևորվում։
Ասվածը չի վերաբերում հրապարակներում կամ այլ հանրային վայրերում մի քանի տասնյակ մարդու ներկայությանը, ինչպես, ի դեպ, մոդելավորվում են ի սկզբանե դատապարտված բոլոր գործընթացները։ Խոսքը պետական կառավարման համակարգում ընդամենը մի քանի տասնյակ մարդու անհատական և որպես հետևանք՝ հավաքական վարքագծի մասին է։
Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատում են տասնյակ-հազարավոր մարդիկ, այդ համակարգերի վերնախավերը բաղկացած են հարյուրավոր անհատներից, իսկ դրանցից ավելի վերնախավերը՝ տասնյակ անձանցից։ Ե՛վ տեսականում, և՛ գործնականորեն բացառված է, որ հարյուրավոր, առավել ևս՝ հազարավոր մարդիկ անվերապահորեն աջակցեն այն կործանարար, հակապետական քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու ու Հայաստանը նորանոր սպառնալիքների առջև կանգնեցնելու հարցերում։
Վստահաբար այդ հարյուրավորների ու հազարավորների մեջ կան մեծ թվով պաշտոնյաներ, միջին ու ստորին օղակի ղեկավարներ, ովքեր շատ ավելի անհաշտ ու անհանդուրժող են իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, քան հրապարակավ իշխանությանը հայհոյողները։ Խնդիրը, սակայն, այն է, որ այդ մարդկանց մեջ գոնե մինչ այս պահը չկա գեթ մեկը, որն իր անհամաձայնությունը կհայտնի ոչ թե խոհանոցում ու մասնավոր զրույցներում, այլ սեփական գործողությամբ, սեփական վարքագծով։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի այդ մարդիկ չշարունակեն ծառայել այն իշխանությանը, որն իրենց իսկ համոզմամբ՝ հակապետական գործունեություն է ծավալում։
Իրականությունն այն է, սակայն, որ այդ մարդկանցից որևէ մեկը նման քայլի չի դիմում՝ գոնե ունեցած աշխատանքից կամ զբաղեցրած պաշտոնից հրաժարվելով։ Դա միայն կենցաղային կոմֆորտով, նյութական բարեկեցությունից կամ պաշտոնից չզրկվելու վախով պայմանավորելը շատ պարզունակ մոտեցում կլինի։
Իհարկե, չհրաժարվողներից շատերի դրդապատճառները գտնվում են հենց այդ տիրույթում, բայց կրկին վստահ կարելի է պնդել, որ ոչ բոլորն են առաջնորդվում միայն մերկանտիլ մղումներով։
Ավելի հավանական է վարկածը, որ աշխատանքից կամ պաշտոնից գոնե ներքուստ հրաժարվելու պատրաստ մարդիկ վստահություն չունեն, որ իրենց անհատական քայլը կարող է հավաքական արդյունքի հանգեցնել։ Իսկ դա նշանակում է, որ այդ մարդիկ վստահ չեն, որ քաղաքական համակարգը, ընդդիմադիր ձևաչափերն իրենց անհատական քայլը հավաքական քաղաքական պրոցեսի վերածելու փորձ կանեն։
Պետական համակարգում աշխատող քաղաքացիները, ոչ թե պատեհապաշտները, այլ իրապես քաղաքացիներն իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ հակառակորդներն են, որովհետև նրանք ներսից են տեսնում ու լսում, թե ինչ է անում վերջինս պետության հետ։ Բայց որպեսզի այդ պասիվ հակառակորդները վերածվեն ակտիվ քաղաքացիների, նրանք պետք է ունենան քաղաքական համակարգի կողմից աջակցություն ստանալու վստահություն։
Այդ դեպքում արտաքուստ Նիկոլ Փաշինյանի հենարան համարվող պետական համակարգը, ուժային կառույցները, անվտանգային ու դիվանագիտական ծառայությունները հաշված օրերի ընթացքում իշխանության հենարանից կարող են վերածվել իշխանափոխության առաջամարտիկի։
Բայց առանց քաղաքական համակարգի կողմից համարժեք գործողությունների, այդ մարդիկ ուղղակի կդառնան շարքային գործազուրկներ և կհետապնդվեն իշխանության կողմից։
Հայաստանն այս իրավիճակից կարող են դուրս բերել մի քանի տասնյակ քաղաքացիներ, բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ մի քանի տասնյակի քայլը գեներացվի հազարավորների քայլարշավի։
Իսկ դա արդեն առանձին անհատների անելիքը չէ։
Հարություն Ավետիսյան