Բաժիններ՝

Գրավոր աշխատանքներին մասնակցած շուրջ 500 աշակերտների մոտ 70 տոկոսը գնահատվել է բավարար

Ոսումնական հաստատություններում Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերն ու ռիսկերի մեթոդաբանությունը կվերանայվեն ու կլավարկվեն: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ այս փոփոխությունների արդյունքում ակնկալում են առավել բովանդակային ստուգումների իրականացում:

«Քննարկվում է ոլորտի ռիսկերի ցանկի ընդլայնման հարցը: Ռիսկերի հիման վրա մենք առանձնացնում ենք այն ուսումնական հաստատությունները, որտեղ պետք է ստուգումներ կատարենք: Մենք այսօր ոլորտային ռիսկը հաշվարկում ենք 3 հիմնական ուղղություններով՝ սովորողների թիվ, մանկավարժական աշխատողների միջին թիվ և վերջին 3 տարվա ընթացքւմ խախտումների պարբերականություն: Մենք կարծում ենք, որ ոլորտային ռիսկի ցանկում կարող են ներառվել այլ չափանիշներ ևս, դիցուք ատեստավորում անցած մանկավարժների թիվը, ուսումնական գրականության համալրման ցուցանիշը և այլն: Արդյունքում մենք կունենանք ոլորտի, ինչպես նաև ուսումնական հաստատությունների խոցելի կողմերի առավել հավաստի ամբողջական տվյալների տիրապետում»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը:

2023 թվականի ծրագրով նախատեսված է իրականացնել ստուգումներ 140 ուսումնական հաստատություններում, որոնցից 120-ը դպրոցներ են, 9-ը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են, 11-ը՝ նախադպրոցական հաստատություններ: ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը նշեց, որ արդեն 37 ուսումնական հաստատությունում ստուգումներ կատարել են: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 500-ից ավելի խախտում: Գերակշռում են տնօրենին ներկայացվող պահանջների խախտումները:

«Արձանագրվել են նաև կրթության կազմակերպման գործընթացի խախտումներ: Դիտարկվում են, թե արդյոք ուսումնական հաստատությունների խորհուրդները պատշաճ ձևով ներգրավված են կառավարմանը, թե ոչ: Սա շատ կարևոր է, որովհետև եթե խորհրդի աշխատանքը միայն ֆորմալ բնույթ է կրում, ապա տնօրենի աշխատանքի վերահսկողությունը տուժում է: Մտահոգիչ են կադրերի ընտրության հետ կապված խախտումները, երբ տվյալ առարկան դասավանդում է ոչ մասնագետը»,-ասաց Վաղարշակ Մատիկյանը:

Կրթության տեսչական մարմինը ստուգումների ծրագրի շրջանակում դպրոցներում իրականացնում է դասալսումներ, տրվում են գրավոր աշխատանքներ հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից: Տրված գրավոր աշխատանքների միջին գնահատականը մաթեմատիկայի համար 5 միավոր է և 5.3 միավոր՝ հայոց լեզու առարկայի համար: Գրավոր աշխատանքներին մասնակցել է շուրջ 500 սովորող, մոտ 70 տոկոսը գնահատվել է բավարար:

«Ցուցանիշը մտահոգիչ է, թե ոչ, միանշանակ ասել ճիշտ չէ: Ի վերջո, կարևոր է, որ չափորոշչի նվազագույն պահանջը կատարվի: Միջին գնահատականը 5 միավոր է, դա նշանակում է՝ անբավարար չէ: Ասեմ, որ մեր գրավորների գնահատականները կտրուկ տարբերվում են մատյաններում տեղ գտած գնահատականներից, բայց այստեղ պետք է հաշվի առնենք այն, որ տարեվերջյան գնահատականն իր մեջ այլ բովանդակություն է նաև կրում»,-նշեց Վաղարշակ Մատիկյանը՝ հավելելով, որ այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա աշակերտային մնացորդային գիտելիքների ստուգման տվյալներից փոքր-ինչ դրական տարբերությամբ բարելավվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս