Գևորգ Պետրոսյանի եղբոր կինը դատարանում հաղթեց Ավան վարչական շրջանի ղեկավարությանը. մանկապարտեզի վարիչը կվերականգնվի իր աշխատանքում
Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին 168.am-ը գրել էր, որ Ավան վարչական շրջանում նոր թաղապետի նշանակումից հետո թաղապետարանի ենթակայության տակ գտնվող բազմաթիվ հաստատություններից մեզ ահազանգել էին, որ Ավանի նորանշանակ թաղապետ Վահե Հակոբյանը, իր տեղակալ Ջուլիետա Ազարյանը և նոր կադրերով փոխարինված թիմը ճնշումներ են գործադրում աշխատակիցների նկատմամբ, պարտադրում դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ ովքեր հրաժարվում են՝ ազատում են աշխատանքից։
Այդ պահանջի զոհն էր դարձել նաև Ավան վարչական շրջանում գործող թիվ 55 մսուր-մանկապարտեզ հիմնարկի ղեկավարը՝ Սյունե Բաղդասարյանը։ Նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգի Պետրոսյանի եղբոր կինն է: Իր ազատման հրամանի ներքո Սյունե Բաղդասարյանը գրել էր, որ համաձայն չէ հրամանի հետ:
Այդ օրերին մենք զրուցել էինք Սյունե Բաղդասարյանի հետ, ով ասել էր՝ իրեն փոխթաղապետ Ջուլիետա Ազարյանն ասել է, թե ինքն իբր անհիմն է ընդունվել աշխատանքի: Հետո հորդորել էին ինքնակամ ազատվել, ստացել բացասական պատասխան:
Հարցին՝ ձեզ ազատելու հիմքն ի վերջո ի՞նչը հանդիսացավ, քանի որ ստուգումների արդյունքում որևէ խախտում չէր հայտնաբերվել, Սյունե Բաղդասարյանը պատասխանել էր՝ որսի էին դուրս եկել բոլոր մանկապարտեզներում, որպեսզի աշխատանքի գնալու ժամերը ստուգեին։
«Բոլոր վարիչներին մեկական նկատողություն էին տվել, այդ թվում՝ ինձ։ Կոնկրետ ինձ՝ 9 րոպե ուշացման համար։ Երկրորդ նկատողությունը, որը նաև ազատման հիմք է հանդիսացել իրենց համար, եղել է անշարժ պահարանի հետևի փոշին, պահարան, որը տարին 2 անգամ է տեղաշարժվում և մաքրվում։ Իրավաբանն օրենքով իրավունք ունի՞ գա ստուգումներ անցկացնի, հրի անշարժ պահարանը ու հետևը փոշի ստուգի․ ինքը թաղապետարանի իրավաբանն է՝ Աշոտը։ Նախքան դա պահեստն էին ստուգել՝ սնունդը, տեսան, որ խնդիր չկա, չեն կարող ազատել, անցան խմբերով, խմբերի ներկա-բացականերն էին ստուգում։ Ամռան շրջանում իրավունք ունենք երեխաներին արձակուրդ տալ, ծնողների դիմումները հանեցի ցույց տվեցի, բայց իրենց չէր բավարարում, արդեն կառչեցին սանիտարահիգիենիկ վիճակից։ Մանկապարտեզում չունենք օժանդակ բանվոր, հավաքարար, դիմել եմ՝ չեն տվել, բայց ես իդեալական եմ պահել մանկապարտեզը, մաքուր»,- ասել էր աշխատանքից ազատված տնօրենը:
Ինչևէ, Սյունե Բաղդասարյանն իր աշխատանքային իրավունքները վերականգնելու համար դիմել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գործը նախ մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին, ապա, երբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի որոշմամբ ու ԲԴԽ-ի դակմամբ՝ դատավորի լիազորությունները դադարեցվեցին, Սյունե Համբարձումյանի գործը վերամակագրվել է դատավոր Տ. Գրիգորյանին, ով էլ այս գործով վճիռ է կայացրել մայիսի 10-ին:
«Սյունե Էդիկի Բաղդասարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատելու մասին 31.08.2022թ. թիվ 316-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել:
Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի՝ Սյունե Էդիկի Բաղդասարյանին աշխատանքից ազատելու մասին 31.08.2022թ. թիվ 316-Ա հրամանը:
Սյունե Էդիկի Բաղդասարյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ Երևանի քաղաքապետարանի «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի թիվ 55 մանկապարտեզի տնօրենի պաշտոնում:
Երևանի քաղաքապետարանի «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ից հօգուտ Սյունե Էդիկի Բաղդասարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը՝ հաշվարկված 31.08.2022թ.-ից մինչև Սյունե Էդիկի Բաղդասարյանին նախկին աշխատանքում վերականգնելու օրը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով»,- գրված է դատավոր Տ. Գրիգորյանի կայացրած վճռում:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: