Բաժիններ՝

ՀՀ–ում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35.300, ավագ դպրոցը` 19 900 սովորողներ

Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:

Նա տեղեկացրեց, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում:

«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»,–ասաց նա:

Անդրադառնալով ավարտական և միասնական քննություններին, փոխնախարարը նշեց, որ միասնական քննությունների ժամանակացույցն արդեն իսկ հրապարակված է ԿԳՄՍ կայքում, և դրան համապատասխան բոլոր աշխատանքները կկազմակերպվեն:

«2023-2024 ուստարում 1-ին դասարան են հաճախելու շուրջ 39.500 սովորող: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար»,- ասաց Արաքսիա Սվաջյան:

Փոխնախարարն ընդգծեց, որ 2023-2024 ուստարում ՀՀ-ում կներդրվի հանրակրթության պետական նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ԿԶՆԱԿ-ի կողմից շարունակվում են ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների վերապատրաստումները: Մեկնարկել է դասագրքերի ստեղծման մրցութային գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս