Ի՞նչ են քննարկել Միշելն ու Ալիևը Բրյուսելում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպման ընթացքում գոհունակություն են հայտնել բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ, որը ծառայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Ալիևը բարձր է գնահատել Միշելի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, քննարկվել են տարածաշրջանային խնդիրները։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև հայկական կողմի հետ այսօր կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի,Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։

Նախօրեին հաղորդվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ:

Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին, որոնք միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս