Գերմանական ընկերությունները 21 տարում Թուրքիայում 11.5 մլրդ դոլարի ներդրում են արել

Գերմանա-թուրքական առևտրաարդյունաբերական պալատի (AHK) նախագահ Փընար Էրսոյը հայտնել է թուրք-գերմանական առևտրային հարաբերությունների մասին՝ նշելով, որ այս պահին Թուրքիայում կա մոտավորապես 8.000 գերմանական ընկերություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրսոյը մասնավորապես հայտնել է, որ Թուրքիայում Գերմանիայի մասնաբաժինն օտարերկրյա ուղղակի ներդրումերում կազմում է 6.4%։ 2022-ին գերմանական ներդրումներն ամբողջությամբ կազմել են 697մլն դոլար։

«Այդ ներդրումների մեծամասնությունը Թուրքիայում հարյուր հազարավոր աշխատատեղեր ստեղծող երկարաժամկետ ներդրումներ են։ Մեր անդամների թվում կան ընկերություններ, որոնք գործում են Թուրքիայում ավելի քան 100 տարի։ Գերմանական ընկերությունները գործունեություն են ծավալում արդյունաբերական արտադրության, հատկապես մանրածախ և մեծածախ լոգիստիկայի և բաշխման ոլորտում»,-նշել է նա։

Թուրքիայի տնտեսությունը, չնայած համաճարակի և ռուս-ուկրաինական պատերազմին, էապես աճել է և արտահանման մեջ նոր ռեկորդներ սահմանել։ Չնայած այս դժվարություններին և բացասական ազդեցություններին՝ անցյալ տարի թուրք-գերմանական առևտրային հարաբերությունները նոր ռեկորդ են սահմանել։ Երկու կողմերի ատևտրաշրջանառության ծավալները 2021-ին կազմել են 41 մլրդ դոլար, իսկ 2022-ին՝ 45 մլրդ դոլար։

«Գերմանիան թուրք արտահանողների համար շարունակում է մնալ ամենակարևոր արտահանման շուկան։ Երկու երկրների միջև արտաքին առևտրի դեֆիցիտը վերջին 10 տարում 11 մլրդ դոլարից նվազել է շուրջ 2.8 մլրդ դոլարի։ Այսինքն մեր երկրների միջև առևտրային հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի է»,- նշել է Էրսոյը։

Նա նաև հավելել է, որ համաճարակն ազդել է միջազգային առևտրի վրա։ Դրա հիմնական պատճառներն են բեռնափոխադրումների ծախսերի ավելացումները, առաքման ժամկետների ձգձգումը և մատակարարման շղթաների խափանումները։

Տեսանյութեր

Լրահոս