Բաժիններ՝

«Սարդարապատ» և «Լանս» ակումբների համագործակցությունը լուրջ հեռանկար է խոստանում հայկական ֆուտբոլի զարգացման համար

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանը հեռանկարային է համարում իր ակումբի համագործակցությունը ֆրանսիական «Լանս» ակումբի հետ։ Նույն կարծիքին է նաև «Լանս ակումբի ակադեմիայի տնօրեն, «Սարդարապատ» ակումբի տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանը։

Սևան Կարիան և Էրիկ Ասադուրյանն այդ մասին ասել են մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մեծ ցանկություն ունեի ֆուտբոլի միջոցով Հայաստանի երեխաների հմտությունները զարգացնելու: Հայաստանը հսկայական ներուժ ունի, բայց նաև առկա դժվարություններ էլ կան այդ ներուժի արտահանման հետ կապված: Նպատակ ունենք նաև առկա ենթակառուցվածքները զարգացնել, որի առաջին քայլերից մեկը Արմավիրում մեր մարզաբազան է: Այս ամենն արվում է հայ ֆուտբոլիստների զարգացման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սևան Կարիանը:

Կարիանի խոսքով` համագործակցությունը ֆրանսիական «Լանս» ակումբի ակադեմիայի հետ իր մեջ ներառում է ֆուտբոլիստների վերապատրաստում, փորձի փոխանակում և այլն:

«Զարգացման փուլերի հաջորդականությունը բերելու է նրան, որ ունենալու ենք պրոֆեսիոնալ թիմ Հայաստանի բարձրագույն խմբում: Բայց նպատակն է, որ այդ ակումբի ոգին սերված լինի ֆրանսիական թիմի ոգուց»,-ասաց «Սարդարապատ»-ի հիմնադիր նախագահը: Վերջինս ընդգծեց, որ Հայաստան է եկել երկարամյա նախագծով և առաջխաղացումը տեսնում է քայլ առ քայլ զարգացման մեջ:

«Լանս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի տնօրեն, «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանն ընդգծեց, որ համագործակցության շնորհիվ ձգտելու են հայ երեխաների ֆուտբոլային կարողությունները զարգացնել: «Լանս»-ի ակադեմիայի հիմնական գործառույթների մեկը հենց երեխաների ֆուտբոլային կրթությունն է, զարգացումը:

Ֆրանսիական ակումբը ցանկություն ունի կիսել իր ունեցած փորձը «Սարդարապատ» ակումբի հետ:

«Վստահ ենք, որ այս համագործակցության արդյունքում կունենանք ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանը կներկայացնեն աշխարհում, ինչպես հիմա անում է Հենրիխ Մխիթարյանը»,- ասաց Ասադուրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս