Բաժիններ՝

«Եվրատեսիլ»-ի հեռարձակողները Զելենսկիին թույլ չեն տվել ուղերձով հանդես գալ եզրափակիչում

Եվրոպական հեռարձակողների միությունը թույլ չի տվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձով հանդես գա «Եվրատեսիլ 2023» երգի ​​մրցույթի եզրափակիչում։

«Եվրատեսիլ երգի մրցույթը միջազգային ժամանցային շոու է, որը գործում է խիստ կանոններով և սկզբունքներով, որոնք սահմանվել են դրա ստեղծման պահից: Որպես դրանց մի մաս՝ մրցույթի հիմնաքարերից մեկը միջոցառման ապաքաղաքական բնույթն է: Այդ սկզբունքն արգելում է մրցույթի ժամանակ քաղաքական կամ նմանատիպ այլ հայտարարությունների հնարավորությունը։ Զելենսկիի խնդրանքը՝ դիմելու «Եվրատեսիլ» երգի մրցույթի հանդիսատեսին, բոլոր գովասանքի արժանի մտադրություններով հանդերձ, ցավոք, չի կարող բավարարվել Եվրոպական հեռարձակողների միության կողմից, քանի որ դա կհակասեր միջոցառման կանոններին», – նշված է միության հայտարարությունում։

Անցյալ տարի «Եվրատեսիլ»-ի հաղթողը դարձավ Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra խումբը, սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով մրցույթն այս տարի անցկացվում է Մեծ Բրիտանիայում: Այնուամենայնիվ, Եվրոպական հեռարձակողների միությունը շեշտում է, որ Ուկրաինան լայնորեն ներկայացված է «Եվրատեսիլ 2023»-ում իր երաժշտությամբ, մշակույթով և ստեղծագործականությամբ:

«Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Լիվերպուլի M&S Bank Arena համերգասրահում:

Ի դեպ, մարտին «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները երկրորդ տարին անընդմեջ Ուկրաինայի նախագահին թույլ չտվեցին դիմել մրցանակաբաշխության արարողության հանդիսատեսին և հյուրերին: Իսկ 2022 թվականի դեկտեմբերին CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան մերժել է Զելենսկիի խնդրանքը՝ տեսաուղերձով հանդես գալու Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս