«Ադրբեջանական մաքսակետով որևէ բնակիչ չի անցել ու չի էլ պատրաստվում անցնել». Եղցահողի համայնքապետ

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության Եղցահող համայնքը, որն ապրիլի 23-ից գտնվում է արդեն կրկնակի շրջափակման մեջ, չի պատրաստվում հանձնվել, չնայած այն հանգամանքին, որ ո՛չ կապ ունի Ստեփանակերտի, ո՛չ էլ Սյունիքի մարզի հետ։

168.am-ի հետ զրույցում Եղցահողի համայնքապետ Արտակ Հակոբյանն ասաց, որ Եղցահողում որևէ մեկը չի պատրաստվում հանձնվել ու չեն էլ պատրաստվում անցնել Ադրբեջանի կողմից տեղադրված մաքսակետով։

«Թեկուզ շրջափակված ենք, բայց մենք չենք ընկճվում։ Ադրբեջանական մաքսակետով որևէ բնակիչ չի անցել ու չի էլ պատրաստվում անցնել»,- նշեց Արտակ Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին գյուղում չկա որևէ խնդիր, որը չեն կարողացել լուծել, Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով կարողանում են առաջացող խնդիրները լուծել։ Միակ խնդիրը կապված է եղել անասնակերի հետ, այդ հարցն էլ Արցախի պետնախարարի միջոցով է լուծվել։

Կարդացեք նաև

«Դիմել ենք նաև ռուս խաղաղապահներին, նրանց միջոցով գյուղին սնունդ է հասցվել, փառք Աստծո, դրա հետ կապված այս պահին խնդիրներ չունենք։ Այնպես չէ, որ մարդիկ էլ անգործ նստած են, իրենց հողն են մշակում։

Մաքսակետի հարցը մեր լուծելու հարցը չէ, վերադասը պետք է այդ հարցով զբաղվի։ Ամեն դեպքում գյուղացիներից որևէ մեկը չի անցնելու մաքսակետով»,- եզրափակեց Արտակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, տեղադրեց մաքսակետ՝ հսկողություն սահմանելով ճանապարհով երթևեկողների նկատմամբ։ Բերձորի ճանապարհը նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից փակած ադրբեջանական կեղծ «բնապահպանները» մաքսակետերի տեղադրումից հետո հայտարարեցին, որ ժամանակավոր բացում են ճանապարհը, քանի որ իրենց պահանջների մի մասը կատարվել է: Այսինքն, կարելի է կարծել, որ նրանց պահանջների կատարված մասը վերաբերում էր մաքսակետ տեղադրելուն: Այդուհանդերձ, ակտիվիստների դուրս գալուց հետո այդ ճանապարհը փակեցին և՛ ադրբեջանական ոստիկանության, և՛ ուժային այլ կառույցների ներկայացուցիչները։ Այս ամենի արդյունքում վեց գյուղեր՝ Լիսագորը, Մեծ Շենը, Հին Շենը և Եղցահող համայնքը՝ իր գյուղերով, գտնվում են տոտալ շրջափակման մեջ՝ չեն կարողանում հասնել՝ ինչպես Հայաստան, այնպես էլ՝ Արցախ։

Տեսանյութեր

Լրահոս