«Եթե սուտ մատնություն է, ինչո՞ւ դատի չեն տալիս, թող դատի տան, այդ ժամանակ կասեմ իրենց, թե որը որից հետո է». Ծեծված փոխգնդապետի հայրը՝ Տրդատ Սարգսյանին
Երեկ ԱԺ-ում, երբ Գլխավոր դատախազը ներկայացնում էր Դատախազության տարեկան հաղորդումը, Վայոց ձորի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանն Աննա Վարդապետյանին հարց ուղղեց, թե դատախազությունը պայքարո՞ւմ է արատավոր երևույթների դեմ։
«Արդյո՞ք այսօր Դատախազությունը բավականաչափ պայքարում է այնպիսի արատավոր երևույթների դեմ, ինչպես, օրինակ, սուտ մատնությունն է։ Տարիներ առաջ բավականին սուր հնչեղություն էր ստացել փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի գործը, որով բացառապես երեք զինվորականների ցուցմունքների հիման վրա կալանավայրում անցկացրեց անմեղ քաղաքացի Զավեն Գրիգորյանը։
Ի դեպ, այդ զինվորականները ստում էին, թե իբր դեպքի վայրում տեսել են ինձ, ցավոք, հանրության մի զգալի հատված հավատում էր այդ լկտի ստին, սակայն այն հերքվեց ձայնագրություններով։ Զավեն Գրիգորյանը շուրջ 2 տարի ենթարկվեց քրեական հետապնդման և արդարացվեց։ Դատախազությունը որևէ միջոց չէր ձեռնարկում իրեն և հանրությանը խաբած զինվորականներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Հատկանշական է, որ առ այսօր սուտ մատնության համար այդ զինվորականները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»,- պնդեց Տրդատ Սարգսյանը։
168.am-ի հետ զրույցում փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, չզարմացավ Վայոց ձորի նախկին մարզպետի այս հարցադրումներից՝ ընդգծելով, թե այդ ո՞ր հանցագործն է իր հանցագործությունը խոստովանում։
«Եթե իր պատիվն արատավորվում է, ապա 3,5 տարի է, ինչո՞ւ ձայն չէր հանում, նո՞ր է սկսել ձայն հանել։ Պարզ է՝ իշխանական թևից է, ուստի ցանկանում են ամեն ինչ անել, որպեսզի ամեն ինչ ծածկեն։ Այսինքն՝ իմ տղան ինքն իրե՞ն ընկավ ու այդպես եղավ, ու ո՛չ Տրդատն է մեղավոր, ո՛չ էլ մյուսնե՞րը, տղաս հանկարծ ընկավ, նրանք էլ անմեղ տեղը նստեցի՞ն։ Եթե սուտ մատնություն է, ինչո՞ւ դատի չեն տալիս։
Իշխանությունն իրենցն է, ես ի՞նչ կարող եմ անել, մեկ գլուխ ունեմ, մեկ մարմին, այլ բան չունեմ։ Դրանց դեմ որ դուրս եկա, արդարությունը կկարողանա՞մ վերականգնել։ Եթե այդքան վստահ են, որ իրենք 100 տոկոսով ճիշտ են, թող դատի տան, այդ ժամանակ կասեմ իրենց, թե որը որից հետո է»,- նշեց Սամվել Մխիթարյանը։
Փոխգնդապետի հայրը տեղեկացրեց նաև, որ որդու առողջական վիճակում որևէ դրական դինամիկա չկա՝ տեղափոխել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
«Մենք հույսով ապրում ենք, որ լավ կլինի, մեզ մոտ հույսի պայքար է»,- եզրափակեց Սամվել Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը մինչև օրս անգիտակից վիճակում է: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):
Զավեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։