Ի՞նչ էր ասել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Արցախի համար ստորագրահավաքի նախաձեռնության անդամին
Շարլ Ազնավուրի հրապարակում այսօր 16:00-ից մեկնարկել է Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով ստորագրահավաք:
«Ես և արցախցի իմ օգնական Օքսանա Բալայանը սկսում ենք ստորագրահավաք՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով»,- ֆեյսբուքյան գրառմամբ այսօր տեղեկացրել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը՝ շեշտելով, որ անցակետի տեղադրումը արցախահայության հիմնարար իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտման հերթական դրսևորումն է:
Ի դեպ, Օքսանա Բալայանը մոտեցել էր ստորագրահավաքի համար տեղադրված վրանի կողքով անցնող ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ առաջարկելով միանալ ստորագրահավաքին:
168.am-ը նրանից հետաքրքվեց, թե ինչ է պատասխանել դեսպանը:
«Պարոն դեսպանն ինձ ասաց, որ հասարակության համար է ստորագրահավաքը. մենք մեր գործերով ենք մեր աջակցությունը հայտնում»,- տեղեկացրեց Օքսանա Բալայանը:
Ստորագրահավաքը բաց է. այսօր այն կտևի մինչև աշխատանքային օրվա ավարտը, իսկ վաղը կմեկնարկի 12:00 –ից, նույն տեղում: