Ժողովրդավարության բաստիոնից՝ ժողովրդավարության բաստարդ

Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI)՝ նախօրեին հրապարակած սոցհարցումների տվյալները, բառի ամենաուղիղ իմաստով, ապտակ են Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության համար։

Հետազոտության թվային տվյալներն արդեն իսկ քննարկվել են ամենատարբեր հարթակներում, դրանց հանրագումարային արդյունքն այն է, որ  և Նիկոլ Փաշինյանը՝ անհատապես, և նրա իշխանությունը՝ հավաքականորեն, գրեթե ամբողջությամբ զրկվել է լեգիտիմությունից՝ հանրային աջակցությունից՝ երևույթի ինչպես էլեկտորալ-թվաբանական, այնպես էլ՝ բովանդակային իմաստով։ Հարցումները ցույց են տալիս ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անհատական վարկանիշի գահավիժումը՝ 14 տոկոս։

 Շատ ավելի կարևոր է հարցվածների 52 տոկոսի կողմից տրված գնահատականը, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ։ Այսինքն, հասարակության կեսից ավելին դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից «անհոգնել» իրականացվող կեղծ  «խաղաղության օրակարգին»՝ Արցախի հանձնումով, Թուրքիայի հետ նվաստացուցիչ հաշտեցմամբ և դրանից բխող բոլոր հետևանքներով։

IRI-ի հրապարակած հետազոտությունը պարունակում է բազմաթիվ այլ, այդ թվում՝ ոլորտային ցուցանիշներ, որոնց համադրությունն ու վերլուծությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան նախկին այն ղեկավարները, ում դեմ նա՝ որպես ընդդիմադիր գործիչ, «անհոգնել» պայքարում էր՝ որպես դրոշակ ծածանելով նրանց ոչ լեգիտիմությունը։

Կարդացեք նաև

Ընդ որում, կարևոր է, որ եթե նախկինում այդ ղեկավարներն ունեին առավելապես էլեկտորալ լեգիտիմության խնդիր, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում ոչ լեգիտիմությունը նաև գործառնական է՝ հանրությունը դեմ է այն ամենին, ինչ «ժողովրդավարության բաստիոնի» միանձնյա ղեկավարն անում է՝ ալենաբար թքած ունենալով իրեն վստահության քվե տված հասարակության կարծիքի վրա։

Այս հարցումն այսպիսով այն մասին է, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի ստացած այդ «պողպատյա մանդատը» ժանգոտել է ու դարձել մետաղաջարդոն, որի տեղն աղբանոցն է, այս դեպքում՝ քաղաքական։

Այս հարցումների առանձնահատկություններից մեկն այն  է, որ դրանք իրականացվել են ոչ թե հայաստանյան քաղաքական ուժերից որևէ մեկի պատվերով, քարոզչական նպատակներով, այլ ամերիկյան հեղինակավոր կազմակերպության կողմից։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն անգամ ամենամեծ ցանկության դեպքում դրանք չի կարող վերագրել «հինգերորդ շարասյանը»։

Չպետք է բացառել նաև, որ այս հարցումներն իրենց մեջ որոշակի քաղաքական ուղերձ են պարունակում Նիկոլ Փաշինյանին, ինչը կարող է վկայել այն մասին, որ նա կորցրել է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին լեգիտիմությունը, և նրա շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական կոնսենսուսը դադարել է գործել կամ փլուզման եզրին է։ Եվ չնայած այդ շերտերը նույնպես կարևոր են, այդուհանդերձ, այս հարցումների հասցեատերը հայ հասարակությունն ու առաջին հերթին՝ հայկական քաղաքական համակարգն է, կամ այն, ինչ մնացել է դրանից։ Ներքին ու արտաքին լեգիտիմությունից զուրկ իշխանության պահպանումը, ի թիվս այլ իրողությունների, վկայում է նաև քաղաքական համակարգի, ընդդիմադիր ձևաչափերի ոչ կենսունակության ու քաղաքական մեխանիզմի դեգրադացման մասին։

Նիկոլ Փաշինյանը, իր իսկ այլաբանությամբ, այլևս զրկվել է իրեն վստահված մեքենան վարելու վարորդական իրավունքից, բայց չի գտնվում մեկը, որը կբացի արդեն կիսաքանդ ու դեպի անդունդը սուրացող մեքենայի դուռն ու նրան դուրս կհրավիրի մեքենայից։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս