Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը․ Դավիթ Խաժակյան
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։
Խաժակյանը Լաչինի միջանցքի շրջափակմանն անդրադարձել է ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության կոնտեքստում՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին, իսկ այդ պայմաններում մայրաքաղաք Ստեփանակերտի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ճգնաժամին դիմագրավելու համար։
Խաժակյանն ասել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը, իսկ Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները պայքարում են ճգնաժամի դեմ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Քաղաքական խնդիրների լուծման նպատակով Ադրբեջանը փակ է պահում այդ ճանապարհը և հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնում ԼՂ 120 հազար բնակչությանը։ Համաձայն ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություններում, մանկական հիվանդանոցներում, մանկապարտեզներում և դպօրոցներում հայլևս հնարավոր չէ ապահովել երեխաների հատուկ սննադակարդը շրջափակումից առաջացած մի շարք մթերքների բացակայության պատճառով։ Արդեն երկար ժամանակ է՝ սնունդն այնտեղ բաժանվում է կտրոնների միջոցով, քաղաքում իրականացվում են էներգախնայողության տարբեր ծրագրեր»,- ասել է Խաժակյանը։