
Բռնցքամարտիկ Արթուր Ղազարյանը դուրս մնաց ԱԱ-ի հետագա պայքարից

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Ղազարյանը դուրս մնաց աշխարհի առաջնության պայքարից:
Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ մեկ ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտն անցկացրեց 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, ով զիջեց Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային: Մեկնարկային մենամարտում Ղազարյանը հաղթել էր նոկաուտով:
Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին և կեզրափակվի մայիսի 14-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ: