Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան առաջիկայում կքննարկեն ցորենի նախաձեռնությունը երկարացնելու հարցը. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Habertürk հեռուստաալիքի հարցազրույցում տեղեկացրել է, որ Անկարան պայմանավորվել է Մոսկվայի և Կիեւի հետ, որ առաջիկայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով հանդիպում կունենան ցորենի նախաձեռնությունը երկարացնելու հարցով։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կարող է դառնալ մոդել այլ հարցերի լուծման համար, ներառյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության լուծումը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։

«Այն օգտակար է երկու երկրների համար, և մենք բարեկամական մթնոլորտում կողմերին ասել ենք դրա երկարացման օգտակարության մասին։ Կա գործարքը երկարացնելու հավանականություն։ Ցորենի թեման նշանակում է հաց, և դա կենսականորեն կարեւոր է դրա կարիքն ունեցող երկրների համար։ Աֆրիկայում հնարավոր են արտակարգ իրադարձություններ՝ պայմանավորված սովով, հարկավոր է թույլ չտալ դա»,- ասել է Աքարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը թեման քննարկել են հեռախոսով։

Կրեմլում նշել են, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները ցորենի գործարքի շրջանակում չեն կատարվում Ռուսաստանին վերաբերող պայմանների մասով։ Թուրքիան մտադիր է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Տեսանյութեր

Լրահոս