Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և  Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ:

Դրանում մասնավորապես ասվում է. «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինկենը կրկնել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են։ Նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղության գործընթացին վարչապետի շարունակական նվիրվածության համար»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Նահանգներ:

«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 30-ից աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։

Տեսանյութեր

Լրահոս