Անգամներով աճող առևտրի ոդիսականը

Հայաստանի արտաքին առևտուրը նոր ռեկորդներ է գրանցում։ Աճերն այլևս նույնիսկ տասնյակ տոկոսներով չեն սահմանափակվում։ Անգամներով են ավելանում։

Անգամներով է ավելանում ոչ միայն արտահանումը, այլև ներմուծումը։

Հայտնի գործոնների արդյունքում, արտաքին առևտուրն առաջին եռամսյակում կրկնապատկվել է։

Մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, տեմպը նույնիսկ ավելի բարձր է. 2,5 անգամ ավելի շատ արտահանում-ներմուծում ենք ունեցել։

Արտահանման աճը հասել է՝ ընդհուպ 2,7, ներմուծմանը՝ 2,4 անգամի։ Ահա այսպիսի թռիչքներ են տեղի ունենում Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունների մեջ, ինչն էլ անհանգստացրել ու մտահոգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրներին։

«Բնականաբար, այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են և արդյո՞ք մենք չենք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք, ըստ էության, բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային շահերից։

Այսինքն՝ մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները, միաժամանակ ապահովելով, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ Դա չի նշանակում, որ բացառված չի դա։ Դուք տեսնում եք, որ մի քանի ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Բայց դա այդ ընկերությունների ռիսկն է: Մենք մեր մաքսային, բանկային և այլ գործիքակազմով փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Թե ինչքանո՞վ է իշխանությանը հաջողվում համոզել գործընկերներին, որ Հայաստանը սանկցիաները շրջանցելու մտադրություն չունի, կերևա հետագայում։ Բայց որ սահմանափակումները շրջանցելու հետևանքով հայկական որոշ ընկերություններ հայտնվել են պատժամիջոցներ տակ, արդեն վատ է։ Չնայած դա չի խանգարում, որպեսզի նույն ներմուծում-վերարտահանումների հայտնի սխեմաները շարունակեն ակտիվորեն կիրառվել, ինչի արդյունքում գրանցում ենք արտաքին առևտրի բարձր աճեր։

Այսպիսի կրկնակի-եռակի աճերն էլ իրենց էական ազդեցությունն են թողնում տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Զարմանալի չէ, որ առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունը շարունակել է բարձր մնալ։ Իհարկե, նաև նախորդ տարվա ցածր բազայի վրա, երբ դեռևս չէին ստեղծվել այն պայմանները, որոնք ռուսական շուկան բացեցին վերարտահանումների համար։

Եռամսյակի արդյունքներով, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմել է 12,2 տոկոս։

Դրանում կրկին մեծ բաղադրիչ ունեն ոչ միայն արտաքին, այլև ներքին մեծածախ առևտուրն ու ծառայությունները։ Առևտուրն ու ծառայությունները վերջին մեկ տարում դարձել են տնտեսական աճի շարժիչ ուժը։

Ներքին առևտրի աճն արտաքին առևտրին չի հասնում, սակայն բավական բարձր է։ Եռամսյակի արդյունքներով՝ կազմել է 21 տոկոս։ Ծառայությունների աճն էլ մոտ է 23 տոկոսին։

Եթե ներքին մեծածախ առևտրի աճը կրկին ռուսական շուկա մատակարարումների հաշվին են, ծառայությունները՝ կապված են Ռուսաստանից տեղափոխված պահանջարկի հետ։ Այն արտահայտվում է մի քանի հատվածներում, բայց մեծ է հատկապես ֆինանսական և բանկային ոլորտներում։

Ռուսաստանից մեծ փողեր են փոխանցվում Հայաստան, ու դրա արդյունքում բանկերի կողմից կատարվող ֆինանսական ծառայությունները մեծ տեմպերով աճում են։

Միայն տարեսկզբի 2 ամիսներին Ռուսաստանից 882 մլն դոլար տրանսֆերտային գումար է մտել Հայաստան՝ բանկերի միջոցով, անցած տարվա 120 միլիոնի դիմաց։

Դժվար չէ պատկերացնել, թե այս գումարներն ինչպես են ազդել բանկերի կողմից մատուցվող ծառայությունների ծավալների վրա։ Դա էլ մեծացրել է ազդեցությունը տնտեսական ակտիվության ցուցանիշների վրա։

Բայց ինչպես արտաքին ու ներքին առևտրից, այնպես էլ ծառայությունների ոլորտից փոխանցվող բարձր աճերը, այսպես կոչված,  փուչիկ աճեր են։ Տնտեսության հետ կապ չունեն։ Դրանք այն աճերը չեն, որոնք հիմնված են տնտեսության իրական զարգացումների վրա։ Դրա համար էլ այդ աճերը շատ թույլ սոցիալական նշանակություն ունեն, հասարակության հիմնական մասը չի զգում այդ աճերի ազդեցությունը։ Դրանից շատ քչերն են օգտվում, իսկ մեծամասնությունն այդպիսի աճերից ոչինչ չի շահում։ Նրանց եկամուտները դրանից չի ավելանում։

Եթե հանենք այդ աճերը, տնտեսական ակտիվության տակ բան չի մնա։

Կունենանք այն, որ արդյունաբերությունն աճել է հազիվ 3,6 տոկոսով։ Տարեսկզբի երկու ամիսներին 1 տոկոս էր։ Մարտին որոշ «բարելավում» է եղել։ Դա էլ հիմնականում այն բանի հաշվին, որ անցած տարվա մարտին արդյունաբերության մեջ ունեինք անկում։

Սա է մեր տնտեսության առանցքային հատվածի վիճակը, այն էլ վերջին մեկ տարվա ընթացքում ի հայտ եկած հսկայական հնարավորությունների պայմաններում։ Նույնիսկ այդպիսի ահռելի հնարավորությունների պայմաններում արդյունաբերությունը հազիվ շնչում է։

Նույնը նաև գյուղատնտեսությունն է։ Անցած տարվա անկումից հետո, այս տարվա առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության մեջ աճ է գրանցել։ Բայց շատ ավելի քիչ, քան անցած տարվա անկումն էր։

Անցած տարվա անկումը կազմել էր 5,4 տոկոս, այս տարվա աճն ընդամենը 1,4 տոկոս է։ Անցած տարվա կորուստները նույնիսկ չեն վերականգնվել։

Ներքին տնտեսության հետ քիչ թե շատ կապված միակ ոլորտը, որտեղ բարձր աճ է գրանցվել, շինարարությունն է։ Շինարարության աճն էլ, հայտնի է, թե ինչի հետ է կապված։

Շինարարության փուչիկը տեմպով փչվում է։ Ռիսկը մեծ է, որ այն երկար չի դիմանա։

Ահա այսպիսի տնտեսական աճերով է հպարտանում իշխանությունը։ Իշխանություններին ավելի շատ թվերն են գրավում, քան իրական արդյունքները: Կապ չունի, որ այդ թվերի տակ երբեմն դատարկություն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս