Կատրին Կոլոնայի անկեղծությունը Երևանում. ի՞նչ գործնական քայլերի է պատրաստ Ֆրանսիան ռեգիոնում՝ ի աջակցություն Հայաստանի
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի այցը տարածաշրջան ու հատկապես Երևան բազմաթիվ ուշագրավ նրբություններ էր պարունակում: Ֆրանսիան, որը ավանդաբար հանդես է գալիս հայամետ ու բարեկամական հայտարարություններով, այս անգամ էլ Երևանում և Բաքվում արեց հայտարարություններ, որոնք չեն անում Բրյուսելը, Վաշինգտոնը, Մոսկվան:
Փարիզը դատապարտեց Ադրբեջանի միակողմանի քայլերը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե Արցախում Լաչինի միջանցքի շրջափակումն ու արդեն օրերս Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետի տեղակայումը:
Սակայն, ինչպես ցույց են տալիս նաև հետպատերազմյան վերջին տարիների զարգացումները, այդ կոչերը չեն ունենում որևէ ազդեցություն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես չունեցան, օրինակ, այն կոչերը, որոնք հնչում են դեկտեմբերից՝ ուղղված Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը: Ի դեպ, նման կոչեր հնչել են, այդ թվում՝ Վաշինգտոնի մակարդակով, և որևէ արդյունքի չեն հանգեցրել:
Եվ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ում տրված ասուլիսի ընթացքում հարցին, թե ի՞նչ գործնական քայլեր կարող է ձեռնարկել Ֆրանսիան ի աջակցություն Հայաստանի և ռեգիոնալ իրադրության կայունության, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան կրկին սկսեց խոսել այն մասին, որ միակողմանի քայլերը չեն կարող օգտակար լինել, նպաստել խաղաղության գործընթացին:
Բայց, նրա որակմամբ, եթե կա այս սկզբունքային դիրքորոշումը, և այն կիսում է Միջազգային Արդարադատության դատարանը, դրանից բացի, կա բանակցությունների գործընթաց, որում ՀՀ-ն համարձակորեն ներգրավվել է, և անհրաժեշտ է ընդլայնել այս գործընթացը, սնուցել այն, և կարևոր է հիմնվել Պրահայում ձեռք բերվածի վրա և առաջ ընթանալ:
Նա նաև ակնարկեց, որ հունիսի 1-ին Քիշնևում մեկնարկելիք Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի ընթացքում կկազմակերպվի բարձրաստիճան շփում: Այսինքն՝ Ֆրանսիայի գործնական քայլերն իրականում սահմանափակվում են իսկապես հասցեական հրապարակային գնահատականներով, որոնք չեն հնչում ըստ էության ՀՀ որևէ արտաքին գործընկերոջ կողմից և բանակցային գործընթացին աջակցելով, որում հայկական կողմը ըստ էության անընդհատ զիջողի դերում է, և իրականում բանակցային գործընթացը սնուցողներին չի հաջողվում պահպանել կողմերի միջև հավասարակշռությունը, չի հաջողվում դառնալ, այսպես կոչված, խաղաղության օրակարգի երաշխավոր, ինչպես նաև չի հաջողվում սնուցել փոխընդունելի օրակարգ: ՀՀ իշխանությունների արևմտամետ նկրտումների ֆոնին իրականում չափազանց կարևոր է հասկանալ, թե գործնականում փոխելով անվտանգության երաշխավորին, որն այս դեպքում ՌԴ-ն է և լիարժեք չի իրականացնում իր գործառույթները, աշխարհաքաղաքական որ կենտրոնից կամ նույնիսկ հայամետ դիրքավորվող Ֆրանսիայից ինչ գործնական աջակցություն կարող է ստանալ Հայաստանը:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Ֆրանսիայի հայտարարությունները գուցե գործնական ազդեցություն չունեն, սակայն դրանք արդեն իրենց հետևանքն են ունեցել Ֆրանսիայի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա, իսկ Ադրբեջանը ԵՄ-ի, Թուրքիայի և ընդհանուր Արևմուտքի համար կարևոր գործընկեր է, տարածաշրջանային խաղացող է, և Ֆրանսիան սա չի կարող հաշվի չառնել:
Ըստ նրա, որևէ երկիր հարցն այնպես չի դնում, որ կանգնի հակամարտող կողմերից մեկի կողքին:
«Ընկալումն այն է, որ կա հակամարտություն, պետք են չեզոք միջնորդներ կարգավորումն առաջ մղելու համար, իսկ երբ կարգավորվի, անվտանգության երաշխիքների մասին որևէ մեկը չի մտածելու, և դրանք հարկավոր էլ չեն լինելու: Իհարկե, նրանք վստահաբար հասկանում են, որ կա ուժային բալանսի խախտում, որն իր գործն անում է և բարդացնում այդ լուծումների փնտրտուքը, բայց անվտանգության այդ երաշխավորների կոնցեպտը Արևմուտքում, Ուկրաինայից բացի, այլ ռեգիոնում ընկալելի չէ, և կարծում եմ՝ նման ձևաչափով Հարավային Կովկասում որևէ մեկը չի աշխատելու: Ուկրաինայի դեպքում այդ աջակցությունը կա, քանի որ այստեղ Ռուսաստանի հարցն է, ինչը ռազմավարական խնդիր է: Եվ հաշվի առնելով՝ ներկայումս աշխարհում ինչ է կատարվում, և Ուկրաինայի պատերազմն ինչ շրջափուլում է, այլ ռեգիոններում յուրաքանչյուր երկիր ինքը պետք է հաղթահարի իր անվտանգային մարտահրավերները առավելապես, փորձելով նաև այս փուլում նմանատիպ մարտահրավերներ իր համար չստեղծել»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին:
Նա նաև նշեց, որ գուցե Արևմուտքը պատրաստ չէ այդ ռեժիմով աշխատել, բայց Իրանը պատրաստ է:
«Վերջին տարիներին Իրանն ըստ էության իրեն դիրքավորել է՝ որպես այդպիսին ռեգիոնում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև, թեև դա արժեցել է Իրանին բազմաթիվ իրանաադրբեջանական սրացումներ: Այսինքն՝ կարելի է օգտագործել հնարավորություններն այնտեղ, որտեղ դրանք կան, անվտանգության հարցում Արևմուտքը մշտապես աչքի է ընկել իր թերացումներով, սակայն Արևմուտքի հետ համագործակցության քաղաքական բաղադրիչը լավն է: Այսինքն՝ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է, ըստ կարիքների, ըստ հնարավորությունների: Այնուամենայնիվ, իրավիճակը նաև անընդհատ փոփոխվում է և հնարավոր չէ ասել, թե այդ թվում՝ ԵՄ-ն ինչ որոշումներ կկայացնի: ԵՄ-ից երբևէ սպասելի չէին դիտորդներ, որոնք կուղարկվեին Հայաստան, չի բացառվում, որ այլ որոշումներ ապագայում ևս լինեն: Սակայն այս պահին, թերևս, արևմտյան գիծը ոչ թե երաշխավորներ ձևավորելն է, այլ հակամարտությունն ինչ-որ կերպ լուծելը»,- ասաց նա: