
Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզում

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-ին շարունակում է այցը Տավուշի մարզում։
Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Նոյեմբերյանում ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին:
«Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկզբին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:
Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից»,- գրել է նա:
Վարչապետը հայտնել է, որ Դովեղ գյուղում կառավարության կողմից կառուցվում է մոդուլային դպրոց, շինաշխատանքները լայն թափով ընթացքի մեջ են եւ կավարտվեն հաջորդ տարի:
«Դպրոցը նախատեսված է 140 աշակերտի համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 750 մլն դրամ»,- նշել է Փաշինյանը:
Ջուջևանում Նիկոլ Փաշինյանը տեղացիների հետ զրույցում խոստացել է կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգել գյուղի այգին, հանգստի համար ստեղծվել հարմարավետ պայմաններ: