Բաժիններ՝

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն 1.9 մլն դրամ կաշառք տալուց անմիջապես հետո ձերբակալել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենին

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենի կողմից 1.9 մլն ՀՀ դրամ կաշառք տալու դեպք:

Նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն, մտադիր լինելով ընդլայնել Արագածոտնի մարզում պեռլիտի վերամշակման գործարանի աշխատանքներն ու Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալել, հանրային լսումներ կազմակերպելու և դրական եզրակացություն ստանալու նպատակով դիմել է Թալինի համայնքապետարան, որտեղ իրականացված չորս լսումների արդյունքների, ինչպես նաև համայնքի բնակիչների բողոքների հիման վրա տրվել է բացասական եզրակացություն:

«Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է «Թալինի համայնքային ծառայություն, կոմունալ» ՀՈԱԿ-ի տեղամասի պետ Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածքը վարձակալության տրամադրելու և արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով հանրային կրկնակի լսումներ կազմակերպելու, ինչպես նաև նոր՝ դրական եզրակացություն տալու համար:

Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում իրականացվել է կաշառք ստանալու նմանակում: Հիշյալ գործողության շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Կատարվում է նախաքննություն:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս