
ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խումբը քննարկել է մերձավորարևելյան կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և ՄԱԿ-ում Համաշխարհային կազմակերպության կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ մերձավորարևելյան խնդրի կարգավորումը: Այդ մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ավանդաբար ուշադրության կենտրոնում են եղել Խմբի անդամների համար առաջնահերթ նշանակություն ունեցող հարցերը: Դրանց թվում են անօրինական միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք կործանարար ազդեցություն են թողնում զարգացման և մարդու իրավունքների վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանն ընդունող պետության հետ հարաբերությունները, որը խախտում է իր համապատասխան պարտավորությունները։ Հանդիպման ընթացքում մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել մերձավորարևելյան հիմնախնդրի կարգավորման հարցերին և Աֆրիկայում հակամարտությունների հաղթահարման խնդիրներին», – նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Ժնևում, ինչպես նաև Բրյուսելում Խմբի ձևաչափով լիարժեք փոխգործակցության մեկնարկը։
ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանության բարեկամների խմբի մեջ են մտնում Ալժիրը, Անգոլան, Բելառուսը, Բոլիվիան, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Նիկարագուան, Պաղեստինը, Ռուսաստանի Դաշնությունը, Սենթ Վինսենթ և Գրենադինները, Սիրիան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան և Վենեսուելան: