Բաժիններ՝

Իրանը մտադիր է ավելի հաճախ մասնակցել ՇՀԿ երկրների հետ ռազմածովային զորավարժություններին

Իրանը պատրաստ է ընդլայնելու մասնակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ ռազմածովային զորավարժություններին։ Այդ մասին այսօր Նյու Դելիում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Իրանը ձգտում է ավելի ակտիվորեն համագործակցել ՇՀԿ-ի անդամների հետ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են համատեղ ռազմածովային զորավարժությունները և տեղեկատվության փոխանակումն անվտանգության ոլորտում, այդ թվում՝ պայքարն ահաբեկչության դեմ», – ասել է Աշտիանին:

Իրանի պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»` ՇՀԿ քարտուղարության կազմում հատուկ մարմին, որը պետք է պատասխանատու լինի ծովային առևտրային ուղիների անվտանգության պահպանման համար՝ առաջին հերթին Հնդկական օվկիանոսում։

2001 թվականին ստեղծված Շանհայի համագործակցության կազմակերպության ներկայիս անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան ունեն դիտորդ երկրների կարգավիճակ, իսկ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան` գործընկեր երկրների կարգավիճակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս