Ուկրաինան հաղորդել է ռուսական ուժերի կողմից զանգվածային հրթիռակոծության մասին. խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր
Ուկրաինան կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած զանգվածային հարվածներից հետո: Այս մասին հաղորդում է հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հաղորդվում է, որ ուկրաինական տարբեր քաղաքների հրթիռակոծության հետևանքով 13 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ըստ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի՝ պատժամիջոցներ պետք է սահմանվեն այն երկրների դեմ, որոնք Մոսկվային օգնում են արևմտյան արտադրության միկրոչիպեր ձեռք բերել հրթիռների արտադրության համար:
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվության՝ Ռուսաստանն ուկրաինական քաղաքների վրա է արձակել 23 թևավոր հրթիռ և 2 անօդաչու թռչող սարք, որոնցից 21-ը խոցվել են ուկրաինական ԶՈւ-ի կողմից: Հարվածներից ամենաշատը տուժել է Ուման քաղաքը, որտեղ վնասվել է շուրջ մեկ տասնյակ բազմաբնակարան շենք, 11 մարդ մահացել է, 17 մարդ՝ վիրավորվել: Դնեպրում զոհվել է 1 կին և 3-ամյա երեխա, 3 մարդ վիրավորվել է: Կիևի մարզի Ուկրաինկա քաղաքում հրթիռի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա, մեկ աղջիկ վիրավորվել է:
Իր հերթին, ТАСС լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գորլովկա բնակավայրում մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են տներ: Առավոտվա ժամերին ԴԺՀ-ի ուղղությամբ արձակվել է ծանր հրետանու 34 արկ, իսկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգից հարված է հասցվել Դոնեցկ քաղաքի կենտրոնին: