Վերցրել էր վարորդի հեռախոսը և չվճարելով ուղեվարձը՝ հեռացել էր
Ապրիլի 27-ին, ժամը 19.45-ին, տաքսի ծառայության մի վարորդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում էր տվել: Ըստ հաղորդման` նախորդ օրը, ցերեկվա ժամը չորսին, տաքսիստը Վանաձորից Երևան է տեղափոխել Գուրգեն ներկայացած մի անձի, որը մայրաքաղաքի Ազատության պողոտայում, զանգելու պատրվակով, վարորդից վերցրել է բջջային հեռախոսը, իջել մեքենայից և հեռացել անհայտ ուղղությամբ` խաբեությամբ տիրանալով հեռախոսին և չվճարելով 19 հազար դրամ ուղեվարձը:
Հանցագործությունը հնարավորինս արագ բացահայտելու համար Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ, նաև համագործակցեցին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի գործընկերների հետ, և հաղորդում ստանալուց մոտ մեկ ժամ անց «Հաղթանակ» զբոսայգում ձերբակալվեց և Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Նա խոստովանեց արարքը և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվեց քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: