Կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ. նախարար
Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն:
Այս մասին աասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի զեկուցմանը:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ 2022-ին ապրիլ ամսից դեպի ՀՀ մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և ՏՏ ոլորտի ընկերությունների Հայաստան տեղափոխվելու արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ ավելացել են, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում 2022 թ գրանցվել է 12.6 տոկոս տնտեսական աճ:
«Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և եկամուտներում, և ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379.3 մլրդ դրամով: Ծախսերն աճել են 11.9 տոկոսով կամ 238.3 մլրդ դրամով: 2022 թ պետբյուջե են մուտագրվել շուրջ 1 տրլն 926 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք 104.4 տոկոսով ապահովել են օրենքով հաստատված ցուցանիշը»,-ասաց նախարարը:
2021 թվականի համեմատ գրեթե բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է մուտքերի աճ՝ բացառությամբ մաքսատուրքերի գծով մուտքերի:
Հովհաննիսյանը նշեց նաև, հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում: Արդյունքում՝ բյուջեով պլանավորված՝ ՀՆԱ-ի նկատմամբ 3 տոկոս պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է և փաստացի կազմել 2.1 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2.5 տոկոսային կետով: 2021 թ համեմատ զգալիորեն փոխվել է պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների կառուցվածքը:
«Եթե 2021-ին պակասուրդը զգալիորեն՝ 68.4 տոկոսով ֆինանսավորվել էր արտաքին աղբյուրներից՝ պայմանավորված արտարժութային պետական պարտատոմսերի թողարկմամբ, ապա 2022-ին պակասուրդը ամբողջությամբ ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը էականորեն նվազել է՝ կազմելով 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2 տոկոսի փոխարեն, 2021-ի համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով: Կառավարության պարտքը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար: Ընդ որում կառավարության արտաքին պարտքը նվազել է և դրամային, և դոլարային արտահայտությամբ»,-եզրափակեց նախարարը: