Եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի. Պեսկովն անդրադարձել է Լաչինի միջանցքում Բաքվի կողմից անցակետի տեղադրմանը

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր Ռուսաստանի Դաշնության կողմից: Մոսկվան կշարունակի նպաստել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը՝ Պեսկովը նշել է, որ «իրավիճակն իսկապես բարդ է», «պահանջում է լրացուցիչ ջանքեր» և ըմբռնում Երևանի և Բաքվի կողմից, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի «իրականացմանն այլընտրանք չկա»։

«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը, գլխավորապես երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների իրագործման ջանքերը: Ռուսաստանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ Երևանի և Բաքվի հետ միասին: Մենք շարունակում ենք շփումները: Մենք աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ, նկատի ունեմ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և մենք շարունակելու ենք այդ աշխատանքը», – Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:

Տեսանյութեր

Լրահոս