
Որպես փաստաբան, ստանձնել եմ պարոն Շահինյանի պատշպանությունը. Արսեն Բաբայան

Երեք օր առաջ Հովհաննես Շահինյանը ֆեսբուքով հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան որպեսզի քննիչի որոշման համաձայն ձերբակալեն Շահինյանին: Այդ օրվանից, որպես փաստաբան, ստանձնել եմ պարոն Շահինյանի պատշպանությունը:
Արդեն երեք օր է ջանասիրաբար փնտրում եմ, բայց չեմ կարողանում գտնել ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան քննիչին, որը Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացրել: Ոչ ես և ոչ էլ Շահինյանը անգամ չգիտենք, թե քրեական օրենսգրքի որ հոդվածի շրջանակներում է իրականացվում քրեական վարույթը:
Երրորդ օրն է, ինչ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի տեղեկացվեմ, թե ով է այն քննիչը, որն իրականացնում է այդ վարույթով նախաքննություն: Պատասխան չկա․․․
Ստիպված եղա ներքին ծանոթությունների շրջանակներով պարզել, որ այդ քննիչը ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանն է: Գտա նաև աշխատանքային հեռախոսահամարը և արդեն երրորդ օրն է զանգահարում եմ, բայց հեռախոսին պատասխանող չկա: Մի քանի քննիչների միջոցով պարոն Կարապետյանին փոխանցեցի հեռախոսահամարս, որպեսզի վերջինս հենց ազատ րոպեներ ունենա կապ հաստատի ինձ հետ, քանի որ գործս անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն է վերաբերվում: Այսպես էլ կապ չհաստատեց ինձ հետ:
Այս ամենը վերլուծելով ինձ մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած այն մասին, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ նախաձեռնվել է քաղաքական հետապնդման «վարույթ»: Այլ դեպքում նախաքննության մարմինը չէր խուսափի փաստաբանի հետ կապ հաստատելուց և ամեն գնով փաստաբանից չէր թաքնվի: Ինձ հետ կապ չհաստատելը և ամեն գնով այդ կապից խուսափելը, իմ համոզմամբ, հետապնդում է ոչ օրինական եղանակով անձի ազատությունը սահմանափակելու արատավոր նպատակ: Սրան կանդրադառնամ ավելի ուշ, երբ կասկածներս կհիմնավորվեն կամ կհերքվեն:
Այսպիսով, եթե որևէ մեկը ճանաչում է և տեղեկություն ունի Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Էդգար Կարապետյանի գտնվելու վայրի մասին, ապա խնդրում եմ հայտնել ոստիկա․․․, կներեք, սխալ ասեցի, խնդրում եմ հայտնել ինձ:
Պարոն Կարապետյան, եթե կարդում եք այս գրառումը, ապա հորդորում եմ հնարավորինս սեղմ ժամկետներում զանգահարել ինձ:
Հ.Գ. Կսպասեմ մինչև երկուշաբթի ժամը 12:00-ն, կապ չհաստատվելու դեպքում կահազանգեմ ՄԻՊ-ին և գլխավոր դատախազին»: