ԼՂ հարցով հայկական կողմի համար ամենաբարդ հանգրվանը հիմա է. Արեշև

Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնյաների վերջին օրերի այցերը Երևան ու Բաքու, ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորը ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների դադարեցման ապահովումը, հատկապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, նախկինի պես մեծ նշանակություն ունի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ պետքարտուղարը Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում հանդիպել էր երկու երկրների ղեկավարների հետ։

Վեդանտ Պատելը բանակցություններից որևէ մանրամասներ չի հայտնել։ Նա ասել է, որ որևէ հատուկ նորություն չունի, չի ցանկանում ժամանակացույցից առաջ ընկնել, բայց համոզմունք է հայտնել, որ շուտով ավելին կունենան լրագրողների հետ կիսվելու համար։

Հիշեցնենք՝ վերջին օրերին Երևանում և Բաքվում էին Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնի հետ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ «խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը խոչընդոտելու մեջ»։ Նա նշել է, որ «Հայաստանը վերջին վեց շաբաթվա ընթացքում չի պատասխանել Ադրբեջանի առաջարկներին»։

Սրան զուգահեռ՝ ԱՄՆ դիվանագետների ռեգիոնալ այցի ընթացքում ուշագրավ հայտարարություններ արեցին Փաշինյանն ու Ալիևը։ Փաշինյանը փորձեց շարունակել Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրելու գիծը, փորձելով Արցախյան հիմնահարցից հրաժարվելու իր քաղաքականությունը բարդել նախկինում բանակցված փաստաթղթերի վրա, զուգահեռաբար հայտարարելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևն իր հերթին՝ շարունակեց մեղադրել ՀՀ ներկայիս ու նախկին իշխանություններին, վերջնագրեր ներկայացնելով՝ ինչպես փաշինյանական իշխանությանը, այնպես էլ՝ արցախցիներին։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը ջանում էր օր առաջ ստորագրել պայմանագիր, սակայն ԱՄՆ-ը հայտնվեց՝ որպես ներկայիս ակտիվ միջնորդ, քանի որ ՌԴ-ն գործընթացով չի զբաղվում, իսկ ԵՄ-ն հեղինակազրկվեց։

Ըստ նրա՝ ամերիկացի դիվանագետները կարծես փորձում են համաձայնագրի հետ կապված մանրամասներ համաձայնեցնել կողմերի միջև, քանի որ ուղիղ երկխոսությունը ևս արդյունավետ չէ, Ադրբեջանն այն լիովին միակողմանի գործընթացի է վերածում, ինչը սպասելի էր։

«Կողմերին այլ ելք չի մնում, քան ենթարկվել Վաշինգտոնի միջնորդությանը և փորձել ինչ-որ բան բանակցել։ Սակայն սա հայկական կողմի համար բարդ հանգրվան է, քանի որ Ադրբեջանը պահանջում է ձևակերպումներ ԼՂ-ի վերաբերյալ, որոնք ուղիղ նշել խուսափում են։ Իսկ Ադրբեջանը շատ լավ օգտվում է թե Երևանի հեռահար դիրքավորումից, թե խաղաղապահների կիսատ մանդատից, առաջ մղելով ինտեգրման գաղափարն ուժային և ահաբեկչական եղանակներով։ Խոսք կա Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մասին, որոնց պետք է ներգրավվեն կամ ռուս խաղաղապահները, կամ ամերիկյան կողմը, այլապես ուժային սցենարներն են գործի դրվելու։ Կստանձնի՞ և կցանկանա՞ արդյոք ԱՄՆ-ը նման հարցում ներգրավվել՝ հարց է և ցույց կտա ժամանակը»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս