Տեղ գյուղում զինված ընդհարման հետևանքով խախտվել են բնակիչների հիմնարար և անքակտելի իրավունքներ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 20-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Շնորհավորելով Անահիտ Մանասյանին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատվիրակության ղեկավար Տիգրան Կարապետյանը վստահություն է հայտնել, որ թե՛ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ բազմամյա խորը, համակողմանի և արդյունավետ համագործակցությունը, և թե՛ Անահիտ Մանասյանի հետ տարբեր հանձնառությունների շրջանակում նախորդիվ արդյունավետ համագործակցությունը կնպաստի երկու հաստատությունների համագործակցության շարունակականության ապահովմանը:
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին հանդիպման համար՝ ընդգծելով, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի ստանձնումը մեծ պատասխանատվություն և առաքելություն է՝ ուղղված մարդու իրավունքների և ազատությունների իրացման երաշխավորմանը և պաշտպանության պատշաճ համակարգի կայացմանը:
Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է սույն թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին, որի նպատակը տեղում իրադրությանը ծանոթանալն ու փաստահավաք աշխատանքների իրականացումն էր։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ զինված ընդհարման հետևանքով խախտվել են համայնքի բնակիչների այնպիսի հիմնարար և անքակտելի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, կրթության, ազատ տեղաշարժվելու, սեփականության իրավունքները:
Կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցության շրջանակում «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» երկու փուլով իրականացված ծրագրին՝ բարձր գնահատելով աշխատանքները, որոնք նպաստել են ինչպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կարողությունների զարգացմանը: