Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցներից հետո հայկական կողմը ՀԱՊԿ-ի վերաբերյալ փոխել է մարտավարությունը, սակայն ոչ բովանդակությունը. Եվսեև
Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը պատրաստ է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Հայաստանը: Նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ միայն Ռուսաստանն է պատրաստ, Հայաստանը նույնպես պատրաստ է: Մենք մեր մտահոգությունների շրջանակը գծել ենք, և, ըստ էության, մեր մղումն այն է, որ հնարավոր առաքելությունը լինի արդյունավետ։ Սա կարևոր է և Հայաստանի, և ՀԱՊԿ-ի, և տարածաշրջանի համար: Եվ մենք այդ ուղղությամբ շարունակում ենք աշխատել»,- ասել էր նա:
Իսկ ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների աշխատանքին՝ Փաշինյանը հորդորել է ՀԱՊԿ և ԵՄ առաքելությունները միմյանցից տարբերել:
«ՀԱՊԿ-ն ունի անվտանգային պարտավորություններ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Հայաստանն էլ ունի պարտավորություններ, որը, մասնավորապես, 2022 թվականին, և որպես նախագահող, և որպես մասնակից երկիր՝ լիարժեք կատարել է։ ԵՄ առաքելությունը ՀԱՊԿ առաքելության հետ չի կարելի մի հարթության մեջ դնել։ Հետևաբար՝ մեր ակնկալիքները ՀԱՊԿ առաքելությունից պետք է շատ ավելի բարձր լինեն, քան ԵՄ առաքելությունից»,- ընդգծել էր Փաշինյանը:
Նա նաև ասել էր, որ ԵՄ առաքելությունը երկարաժամկետ է, 2 ամիս է, ինչ տեղակայվել է, դեռ ամբողջությամբ էլ չի տեղակայվել, այդ գործընթացի մեջ է:
Ավելի վաղ՝ մարտի 20-ին պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ-ն չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից, սակայն խնդիրը եղել է այն, որ ՀԱՊԿ գործընկերները չեն ճանաչել կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին։ «Այստեղ մեզ համար կարևոր էր այն, որ մեր ընկալմամբ՝ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության գործունեության հստակ գոտին չեն ճանաչել։ Մեր տեսակետով՝ դա որոշակիորեն խնդրահարույց էր։ Սակայն կրկնեմ՝ որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,- հայտարարել էր Միրզոյանը։
Նույն ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը զարմանքով ողջունել էր ՀՀ ԱԳ նախարարի այս խոսքը, հուսալով, որ գործընթացը տեղից կշարժվի:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ հայկական կողմը մեծ ընկալունակություն է ցուցաբերում ԵՄ դիտորդների հանդեպ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի, որը պատերազմի մեջ է:
Ըստ նրա, չգիտես` ինչու, նույնկերպ հայկական կողմը չի փորձում հասկանալ, որ պատերազմական իրավիճակի պատճառով Ռուսաստանն ունի բազմաթիվ խնդիրներ ու դրանով պայմանավորված սահմանափակումներ, որից ՀԱՊԿ գործունեությունը, միասնականությունը, միասնական քայլեր նախաձեռնելու, որոշումներ կայացնելու ռեսուրսը հավելյալ պակասել է:
«Ուստի Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը գործում են ճգնաժամային պայմաններում, փորձելով չստեղծել հավելյալ խնդիրներ որևէ այլ երկրի հետ, ինչպես ՀԱՊԿ անդամ, այնպես էլ ոչ ՀԱՊԿ անդամ: Եթե ՀՀ-ի կողմից խնդիրների բարձրաձայնման դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնում դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, դա չի՞ նշանակում արդյոք պատասխանատվության գոտու ճանաչում, կամ հավելյալ ի՞նչ գործառույթներ է ակնկալում Հայաստանը ՀԱՊԿ առաքելությունից: Ինչո՞ւ նման գործառույթներ չի ակնկալում ԵՄ դիտորդներից:
Եթե ԵՄ դիտորդները չունեն պարտավորություններ և չեն կարող ստանձնել ավելի ծանրակշիռ գործառույթներ, ապա ինչո՞ւ են տեղակայվել, եթե չեն անում հասցեական հայտարարություններ, չեն բարձրացնում ռեգիոնի անվտանգային միջավայրը ու չեն չեզոքացնում միջադեպերը: Պարզապես աշխարհաքաղաքական ռևերանսները ներկայացվում են այլ լույսի ներքո՝ տարանջատելով ԵՄ դիտորդներին ու ՀԱՊԿ դիտորդներին:
Բայց արդյո՞ք ԵՄ դիտորդները արել են որակապես այլ հայտարարություններ, քայլեր, քան ՀԱՊԿ-ը: Ավելին, հայտնի էր դարձել, որ ԵՄ դիտորդները տվյալներ են փոխանցում Ադրբեջանին, որպեսզի իրենց՝ ՀՀ-ում տեղակայման դեմ Ադրբեջանի դիրքորոշումը մեղմվի: Ես չեմ մտաբերում մի դրվագ, որ ԵՄ-ն ակնհայտ աջակցություն հայտնի Հայաստանին ու քննադատություն հնչեցնի Ադրբեջանի հասցեին:
Նույնիսկ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները գնալով խորանում են, Ադրբեջանը դարձել է արժեքավոր գործընկեր ԵՄ-ի համար և ԵՄ-ի զգուշավորությունը ակնհայտ է: Յուրաքանչյուր արտաքին կողմ, դիտորդ կամ միջնորդ, անկախ կողմերի կշռից, այնուամենայնիվ փորձում է կողմերի միջև որոշակի հավասարակշռություն պահպանել»,- ասաց Եվսեևը:
Ըստ նրա, ՀԱՊԿ-ի հասցեին քննադատությունն այնուամենայնիվ մշտապես ունեցել է օբյեկտիվ կողմեր:
«Այդ պատճառով Ռուսաստանը մշտապես լրացրել է այն դեֆիցիտը, որը եկել է այդ կառույցից, սակայն ներկայումս ամեն ինչ զրոյացել է, քանի որ խոսքը ոչ թե անվտանգության մասին է, այլ ռեգիոնում կա ուժեղ աշխարհաքաղաքական մրցակցություն, ու Արևմուտքը կարողացել է Ռուսաստանի սխալների, պատերազմի իրավիճակի պատճառով որոշակի առավելության հասնել:
Սակայն սա միջանկյալ փուլ է Հարավային Կովկասի համար, քանի որ նոր իրավիճակ աշխարհում ձևավորվելու է միայն պատերազմի ավարտից հետո: Սակայն կարելի է ենթադրել, որ Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցներից հետո հայկական կողմը ՀԱՊԿ-ի վերաբերյալ փոխել է մարտավարությունը, ուղիղ քննադատությունը պակասեցրել է, նշում է, որ չի մերժում, սակայն նաև ընթացք չի տալիս ՀԱՊԿ-ի առաջարկին, այսինքն՝ բովանդակային առումով բան չի փոխվել»,- ասաց նա: