«Մեր պատգամավորներից իրավունք ունեն բռնազավթել ԱԺ ամբիոնը». Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին և այդ համատեքստում դիտարկեց վերջերս ՄԻՊ թեկնածուի հարցը քննարկելու ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի պահվածքն ու Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու պահանջը։
«Արթուր Հովհաննիսյանն իր վրա վերցրեց հարվածն ու պատասխանատվությունը և ՄԻՊ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի արտահայտած մտքերին մի երկու, եթե կարելի է այդպես արտահայտվել, «լեվլ» ցածր արձագանքեց։
Օրինակի համար, Թագուհի Թովմասյանը՝ որպես հանձնաժողովի նախագահ, պարտավոր էր ընդմիջում հայտարարեր և կողմերին հրավիրեր բանի… այսպես կոչված՝ կոռեկտության, ինքը դա չի արել»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Ըստ նրա, եթե Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցը հասնի իր տրամաբանական ավարտին, և դրան իր գործընկերները հավանություն տան, ապա ինքը կբերի բոլոր հիմնավորումները։
Հարցին՝ ինչո՞ւ երեկ բռնի ուժով Թագուհի Թովմասյանին հեռացրեցին ԱԺ ամբիոնից, մինչդեռ 2018 թվականին իր թիմակիցները կարողացան քաղաքական ակցիա իրականացնել ԱԺ նիստերի դահլիճում, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ ԱԺ նախագահն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր է ապահովել նիստերի նորմալ ընթացքը։
Ճշտող հարցին, եթե նման կերպ 2018 թվականին վերաբերվեին իր թիմակից պատգամավորներին, ապա դրան ի՞նչ գնահատական կտար, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
«Եթե, ասենք, որևէ պատգամավոր, մեր պատգամավորներից մեկը, որն իրավունք ունի, այսպես կոչված՝ բռնազավթել ամբիոնը, իսկ մյուս կողմից էլ՝ ԱԺ-ն պարտավոր է ապահովել…
Դե 2018 թվականին մեր պատգամավորներն այդ ճայթուցիկները վառեցին, հետո գնացին իրենց տեղերը նստեցին, ի՞նչ եղավ»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Կառավարության տարեկան զեկույցին և հայտարարեց, որ այն ծայրից ծայր սուտ է։
Խորհրդարանի ամբիոնից դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորը հայտարարեց, որ նա չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, առաջնագիծ դարձած իր ծննդավայր Վարդենիսում արդեն 5 օր է՝ թշնամին կրակում է Սոթքի հանքավայրի վրա, հանքավայրի աշխատողները հարկադրված պարապուրդի մեջ են։
Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թագուհի Թովմասյանին ասաց, որ ավարտի ելույթը, քանի որ ժամանակը լրացել է, պատգամավորը պատասխանեց, որ չի պատրաստվում թողնել ամբիոնը, քանի որ իրականացնում է քաղաքական ակցիա։ Դրանից հետո Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ, որպեսզի պատգամավորին հեռացնեն, այդ ընթացքում ամբիոնին մոտեցան նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ։
Անվտանգության աշխատակիցները բռնի ուժով դահլիճից հեռացրեցին ոչ միայն Թագուհի Թովմասյանին, այլև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին ու պատգամավոր Աննա Մկրտչյանին։
Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն անվտանգության աշխատակիցներին հրահանգներ տվող Ալեն Սիմոնյանին ասաց, թե՝ «դու տես, մեզ վրա չթքես, մնացածը հեչ», Ալեն Սիմոնյանը հակադարձեց.
«Պետք լինի՝ կթքեմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում