Բրիտանիայի փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել բուլինգի մեղադրանքների պատճառով
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և Արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտարարությունը Ռաաբը տեղադրել է Twitter-ի իր էջում:
Ռաաբը գրում է, որ խոստացել էր հրաժարական տալ, եթե հետաքննությունը ցույց տար իր կողմից թույլ տրված բուլիինգի (խմբ.՝ որևէ անձի կողմից շարունակաբար ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրում այլ անձի նկատմամբ) վկայություններ:
«Կարծում եմ՝ կարևոր է պահել խոստումը», – գրում է նա:
Բրիտանիայի փոխվարչապետը նշում է, որ իր դեմ բոլոր պնդումները հերքվել են՝ բացի երկուսից:
Միաժամանակ Ռաաբը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ և դրանք անվանում է «սխալ»՝ նշելով, որ սա վտանգավոր նախադեպ է ստեղծում։
«Պրն. Թոլլին (խմբ.՝ փաստաբան Ադամ Թոլլի) պարզել է, որ չորս ու կես տարվա ընթացքում ես ոչ մի անգամ չեմ հայհոյել կամ գոռացել ինչ-որ մեկի վրա, առավել ևս՝ ինչ-որ բան չեմ նետել կամ այլ կերպ ֆիզիկապես չեմ վախեցրել որևէ մեկին, ոչ էլ միտումնավոր կերպով ցանկացել եմ նվաստացնել որևէ մեկին: Ես անկեղծորեն ցավում եմ, եթե չկանխամտածված սթրեսի եմ ենթարկել պաշտոնյաներից որևէ մեկին», – գրում է Ռաաբը՝ նշելով, որ բուլիինգի համար այդքան ցածր շեմ սահմանելով՝ այս հետաքննությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ խրախուսում է տարբեր կեղծ գանգատներ նախարարների դեմ:
Իր հայտարարության վերջում Դոմինիկ Ռաաբը վստահեցրել է, որ շարունակում է աջակցել երկրի կառավարությանն ու վարչապետ Ռիշի Սունակին։
Ռաաբի դեմ մեղադրանքներ էին հնչել դեռ նոյեմբերին: Նախկին աշխատողները պնդում էին, որ նա վախի մթնոլորտ է ստեղծել իրենց բաժանմունքներում: Ռաաբը հերքել էր մեղադրանքները և պահանջել հետաքննություն անցկացնել:
Ըստ The Guardian-ի աղբյուրների՝ Բրիտանիայի փոխվարչապետ և Արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբի դեմ բողոք է ներկայացրել առնվազն 24 պետական աշխատող: