Կստեղծվի «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որին անհատույց կտրվեն հողատարածքներ
Ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարն իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ այսօր ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ։
«Օրենքի համաձայն` ակադեմիական քաղաքը պետք է ապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ֆիզիկական ենթակառուցվածքները»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նկատեց, որ հիմնադրամը քաղաքի ստեղծումից հետո զբաղվելու է նաև դրա կառավարմամբ:
«Այսպիսով, փաստացի մենք ակադեմիական քաղաքի հարցը տեղափոխում ենք գործնական փուլ, որին հաջորդելու է նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը»,- հավելեց նա:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումով նոր էջ են բացում երկրի պատմության համար:
«Կրթության 2023-30 թվականի զարգացման ռազմավարության մշակման ընթացքում մենք կողմնորոշվեցինք նաև տեղադիրքի հարցում, և հիմա ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հատման տեղում։
Բարեբախտաբար, մեզ հաջողվեց ՀՀ-ում՝ Երևան քաղաքի մոտակայքում, գտնել մոտ 300-ից ավելի հա տարածք, որը սեփականաշնորհված չէ և որը կամրակցվի հիմնադրամին»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով հիմնադրամի գործառույթների մասին` վարչապետը նշեց, որ նորաստեղծ կառույցը պետք է նախ մտածի անհրաժեշտ կոմունիկացիաների ստեղծման, տարածքին շինհրապարակի տեսք տալու մասին, որից հետո կստեղծվի ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը և կնախագծվեն քաղաքում տեղակայվող բուհերը։