![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենը մեկ տարով երկարաձգել է ՌԴ-ի հետ առնչվող նավերի` ԱՄՆ նավահանգիստներ մուտքի արգելքը
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1109051.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ծանուցել է, որ մեկ տարով երկարաձգում է 2022 թ. ապրիլի 21-ի դրույթի գործողությունը, որն արգելում է Ռուսաստանին պատկանող կամ Ռուսաստանի հետ կապված նավերի մուտքն ամերիկյան նավահանգիստներ:
«Ես հրապարակման համար Դաշնային ռեեստր եմ ներկայացրել կից ծանուցումն այն մասին, որ արտակարգ դրությունը, որը 2022 թ. ապրիլի 21-ի 10371 հրամանագրով հայտարարվել է Ռուսաստանի նկատմամբ, և արտակարգ լիազորությունները, որոնք վերաբերում են ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանի հետ կապված նավերի կայանման ու տեղաշարժի կարգավորմանը, կգործեն նաև 2023 թ. ապրիլի 21-ից հետո», – ասվում է Կոնգրեսին ուղղված Բայդենի նամակում։
Ծանուցման բուն տեքստում ընդգծվում է, որ արգելքը երկարացվում է մեկ տարով։
«ՌԴ կառավարության քաղաքականությունը և գործողությունները՝ շարունակելու կանխամտածված, չարդարացված, չհրահրված և դաժան պատերազմն Ուկրաինայի դեմ, շարունակում է ազգային արտակարգ դրություն հանդիսանալ, քանի որ խաթարում է կամ սպառնում է խաթարել Միացյալ Նահանգների միջազգային հարաբերությունները», – նշվում է հաղորդագրությունում: