Նիկոլը մնաց իր հնարած «պրյոմի տակ»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուտը՝ ստի հետևից և բազմաթիվ ապազգային, վնասարար հատարարությունները: Մեկ օրում կեղծիքի ու ստի այնքան մեծ չափաբաժին է արտաբերել ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնողը, որ նույնիսկ չգիտես, թե ո՞րը թողնես, որին անդրադառնաս:
Ահա այսպես է լինում, երբ բունկերում, հասարակության ցասումից թաքնված դավադիր կերպարը նորից քաղաքականապես վերակենդանանում է: Պարզ է, որ հաջորդ քայլերը պետք է լինեն սեփական դավադրությունների հետքերը մաքրելն ու բոլորին մեղադրելը: Նա հանդգնում է ասել, որ եթե իրենք ԱԺ-ում են, ուրեմն Հայ ժողովուրդը համամիտ է իրենց բոլոր ավերածությունների, նպատակային կապիտուլյացիայի ու միտումնավոր ձախողումների հետ:
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել էր «Տղա ես, հրապարակի՛ր այն փաստաթղթերը, որոնք եղել են բանակցությունների հիմքում»: Այսօրվա ԱԺ արտահերթ նիստը լավ առիթ էր, որպեսզի «հայրենասեր» Նիկոլը հրապարակի և կապացուցի իր անմեղությունը և հիմնավորի իր մեղադրանքը, ըստ որի իբրև թե նախկին իշխանություններն իրեն բանակցային վատ ժառանգություն են թողել: Չհրապարակեց, որովհետև հասկանում է, որ դրանով արձանագրելու էր, որ Սերժ Սարգսյանի վարած բանակցութուններով Արցախը գնում էր ինքնորոշման իրավունքի ճանապարհով և ուներ առնվազն ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների երաշխավորությունները:
Փոխարենն, առանց ամոթի ու պատվախնդրության խայծ զգալու՝ Նիկոլը հայտարարում է, որ նույնիսկ խաղաղության ստորացուցիչ պայմանագիր ստորագրելու հաջորդ օրը կարող է պատերազմ սկսվել, որովհետև չունի որևէ միջազգային երաշխիք:
Զենքի թեման կրկին մեջբերեց, կրկին կեղծ պնդումով, որ իբրև 2020թ. 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ավարառված մոտ 4,5-5 մլրդ դոլարի զենքը իր իշխանության օրոք է ձեռք բերվել: Սուտը այնքան մեծ է, որ ուզում ես նորից հարցնել «Նիկո՛լ, 2019-20թթ դու ձեռք ես բերել չորս ինքնաթիռներ, երկու տասնյակից ավելի ՕՍԱ-ԱԿ ԶՀՀ-ներ, մի քանի ՀՕՊ համակարգ և որոշ չափաքանակի զինամթերք: Որքան էլ գումարես, ամենաթանկ գներով անգամ՝ դրանց գումարը չի անցնում մի քանի հարյուր միլիոն դոլարը: Այդ ինչպե՞ս եղավ, որ 4,5-5 մլրդ դոլարի զենքը և զինամթերքը, հերիք չի անհայտ պայմաններում, գրեթե անվնաս, հայտնվել են թշնամու տրամադրության տակ, մի հատ էլ ԱԺ-ում գլուխ ես գովում, իբրև թե դու ես դրանք ձեռք բերել: Կարող է՞ ՍՈՒ-30ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն»:
Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթական դադարից հետո տեղ գտած քաղաքական իրավիճակին, ապա միայն Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի հայտարաությունները բավարար են, որ հստակ լինի պատերազմի արձանագրած արդյունքը:
Մասնավորապես Վիեննայում, եռանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարություն արվեց, որտեղ արտացոլված էին այն պայմանավորվածություններն ու հանձնառությունները, որ կողմերը ստանձնել էին՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում: Պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին ու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ: Հարկ է նաև կրկին հիշեցնել Նիկոլին, որ ապրիլյան պատերազմից հետո, իր քաղաքակիրթ բարեկամ Ալիևն ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է, որպեսզի ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Եվ այս ամենից հետո, ՀՀ վարչապետ կոչվող անձը, ԱԺ ամբիոնից, ցինիկաբար հայտարարում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՀՀ բանակցային դիրքերն իբրև թե թուլացել էին:
Մեր մեղքն այն է, որ առ այսօր չենք կարողացել ձերբազատվել կործանարար կառավարությունից ու չենք կարողացել համախմբել մեր ժողովրդին՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ խաղաղության:
Դրա համար էլ ՀՀ կառավարության փոխարեն, ՀՀ ԱԺ ամբիոնից շարունակում է ելույթ ունենալ բակինսկի ռադիոն: